Ռուսական դատարանն Ալեքսեյ Նավալնու տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև փետրվարի 15-ը
Ռուսական НТВ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռուսական դատարանն այսօր որոշել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու տնային կալանքի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը: Այդպիսով, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը Նոր տարին հարկադրաբար կանցկացնի տանը:
Դատարանը դրանով իսկ բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը՝ կապված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հետ: Դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ պետական մեղադրողն ապացուցված է համարում Ալեքսեյ Նավալնու ու նրա եղբոր կողմից «Ив Роше» ընկերությունից գումարներ հափշտակելն ու օրինականացնելը:
Նավալնի եղբայրները մեղադրվում են ավելի քան 27.6 միլիոն ռուբլի կազմող մեքենայություններ գործելու մեջ: Նավալնին արդեն իսկ պայմանական ազատազրկում է ստացել «Կիրովլեսի» գործով: