
KFW բանկի և Հայաստանի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր են ստորագրվել

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Եվա Վիտտը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը ստորագրել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր:
Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերով տրամադրված միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև` վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը:
Նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով` Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև` հարակից ծառայությունների համար: Վերոնշյալ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ն՝ արտոնյալ:
Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կնքվել է նաև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր ІІ փուլ 3-րդ» ծրագրի շրջանակներում ուղեկցող միջոցառումների համար 1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման դրամաշնորհային համաձայնագիրը` ի լրումն 2013 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կնքված «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II – Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումներ» 2,5 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման համաձայնագրի: Համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործվելու են «Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր ІІ փուլ 3-րդ»-ի շրջանակում խորհրդատվական ծառայությունների, մասնավորապես` ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի շրջանակում ակտիվների կառավարման և համեմատական համակարգի ներդրման համար:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին