ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է

Դեկտեմբերի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրներին նվիրված քննարկմանը «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Ալագուլյանի հայտարարության վերաբերյալ պարզաբանում է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«Դեկտեմբերի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում,  ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրներին նվիրված քննարկում, որին հրավիրված էին  ոլորտի 32 ընկերությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանը խոսել է 2013 թվականին Համաշխարհային բանկի պատվերով կատարված մի զեկույցի մասին, որում, Աղագուլյանի ներկայացմամբ, եղել է տեղեկատվություն տարեկան 280 միլիոն դոլարի հագուստ Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրելու վերաբերյալ: Ալագուլյանը  խոստացել է վերը նշված զեկույցը տրամադրել էկոնոմիկայի նախարարությանը:

Սակայն վերջինիս կողմից «զեկույցը» նախարարություն ուղարկելուց հետո պարզվել է, որ դա ոչ թե ՀԲ-ի կողմից պատվիրված փաստաթուղթ է, որի մասին նախարարությունում տեղյակ չէին, այլ  ՀԲ-ի օժանդակությամբ Ի-Վի Քոնսալթինգ ընկերության կողմից մշակված Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի  զարգացման ռազմավարությունը, որը տեղադրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում և 2013 թվականին հաստատվել է թեթև արդյունաբերության ոլորտային խորհրդում, այնուհետև հավանության արժանացել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդում:

Ռազմավարությունն ունի վերլուծական մաս, որտեղ ներկայացված են Աշոտ Աղագուլյանի կողմից նշված թվերը (էջ 12), որոնք սակայն իրենցից ներկայացում են ներքին շուկայի ծավալի փորձագիտական գնահատականը (մանրածախ գներով): Հաշվարկների հիմքում ընկած է ներմուծման և արտահանման պաշտոնական մաքսային վիճակագրությունը, ներքին արտադրության պաշտոնական վիճակագրությունը, մանրածախ և մեծածախ առևտրի մարժան։

Մասնավորապես, վերոնշյալ գնահատականի համար հիմք է ընդունվել բնակչության թվաքանակը, ուսումնասիրվել է զարգացման համարժեք մակարդակ ունեցող մի շարք երկրների փորձը և մոտարկվել է, որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող հագուստի տարեկան սպառումը 2012 թվականին կարող էր կազմել 90-100 ԱՄՆ դոլար, իսկ շուկայի մանրածախ շրջանառության ընդհանուր արժեքը մոտավորապես 250-280 մլն ԱՄՆ դոլար:

Տվյալ ցուցանիշը սխալ է մեկնաբանվել և ներկայացվել «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանի կողմից, քանի որ վերոնշյալ գնահատականը չի վերաբերում մաքսանենգ ճանապարհով ներմուծման արժեքին: Ավելին, այս վերլուծության մեջ հաշվի են առնված բոլոր երկրներից ՀՀ կատարված ներմուծումները, այլ ոչ թե միայն Թուրքիայից և Չինաստանից ներմուծումները, ինչպես հայտարարել է պարոն Աղագուլյանը։

Այսպիսով` դեկտեմբերի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում թեթև արդյունաբերության ոլորտի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ «Ագնեսա» ընկերության տնօրեն Աշոտ Աղագուլյանի կողմից արված հայտարարությունը փաստերով հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը»։

Տեսանյութեր

Լրահոս