2015թ. կավելանա Համաշխարհային բանկի օժանդակությունը Հայաստանին
Այսօր Համաշխարհային բանկն ամփոփեց ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատեց, որ 2015թ. ընթացքում բանկը կշարունակի գործակցությունը թե՛ պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե՛ ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ, որոնք շոշափելի դրական տեղաշարժեր կապահովեն երկրի բնակչության համար:
«2014թ. ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է խոշոր՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հատկացումը կառավարությանը, – ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, – 2015թ. առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. սկզբում մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար ամեն ամիս, աստիճանական ավելցման հեռանկարով, քանի որ 2014թ. ընթացքում հաստատված 5 նոր ծրագրերը ևս կսկսեն գործել ու տեսանելի արդյունքներ կապահովեն հայ ընտանիքների համար»:
2014թ. ավարտին է մոտենում և այս պահին իրականացման ակտիվ փուլում են գտնվում Համաշխարհային բանի 13 ճյուղային ծրագրեր: Նշենք այդ ծրագրերի ձեռքբերումների սոսկ մի մասը.
- գյուղական բնակչության 60%-ի համար ապահովվել են հասանելի ճանապարհներ տարվա բոլոր եղանակներին;
- ավելացել է կովի ու ոչխարի կաթի արտադրությունը համապատասխանաբար 11%-ով և 6%-ով;
- վերջին 4 տարվա ընթացքում եռապատկվել է համակարգիչներից օգտվողների թիվը;
- բացվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և խթանվել է ձեռնարկատիրական նորարարությունը հյուսիս-արևելյան շրջաններում;
- համայնքային ենթակառուցվածքներին ուղղված 290 փոքր ծրագրերի շրջանակում ձևավորվել է 584.160 ժամ աշխատանքի հնարավորություն, որի դիմաց վարձատրությունը կազմել է 8,9 միլիոն ԱՄՆ դոլար;
- գյուղական համայնքներում կառուցվել ու վերանորոգվել են 100 բժշկական կենտրոններ;
- 200 պետական բժշկական կենտրոններ ապահովվել են ստանդարտ բժշկական սարքավորումներով, պարագաներով, կահույքով և տեխնիկայով;
- վերանորոգվել ու կառուցվել, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ու կահույքով ապահովվել են 10 մարզային բժշկական կենտրոններ;
- իրականացվել են նախակրթարանների հետ կապված 337 փոքր ծրագրեր, որոնց շահառուների թիվը կազմում է ավելի քան 8.000 երեխա;
- օգնություն է ցուցաբերվել երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապ ապահովելու հարցում:
Օրերս, Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2014թ. ընթացքում հավանության արժանացած 5 ծրագրերից երկուսը՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիրը (SPAP2) և Կրթական բարելավումների ծրագիրը (EIP): Ակնկալվում է, որ մյուս 3 նոր ծրագրերը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը (CARMAC2), լրացուցիչ ֆինանսավորում ստացած Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը և Առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների ծրագիրը, կվավերացվեն 2015թ. սկզբներին և կհամալրեն իրականացման ակտիվ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շարքը: Այս ծրագրերը, միասին վերցրած, ապահովում են շուրջ 170 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համայնքներում շոշափելի դրական տեղաշարժեր կատարելու համար:
«Համաշխարհային բանկը հետ չի կանգնի այն օգնությունից, որի արդյունքում կմշակվի քաղաքականություն ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, – ասաց տ-ն Բեյլին, – 2014թ. գյուղատնտեսությանը, ոռոգման, խմելու ջրերին, կրթությանը, ճանապարհներին, առողջապահությանը, էներգետիկային և սոցիալական ծառայություններին առնչվող մեր ծրագրերի միջոցով մենք կարողացել ենք կարևոր ներդրումներ կատարել, որոնք ուղղակի ու տեսանելի կերպով անդրադառնում են Հայաստանի ընտանիքների բարօրության վրա»:
Համաշխարհային բանկը լիարժեք կերպով պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել առավել ամուր տնտեսություն, որը կապաhովի աշխատատեղեր: Վերջինը Հայաստանի համար զարգացման գերակա խնդիր է երկարաժամկետ հեռանկարում: Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի և ՀՀ կառավարության միջև շարունակվում են քննարկումները ճանապարհներին, էներգետիկային, տուրիզմին ու համայնքային զարգացմանը և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին հետագա աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ, որոնք կամփոփվեն 2015թ. ընթացքում: 2015թ. Բանկը նաև կֆինանսավորի Զարգացման քաղաքականության երրորդ գործառնությունը (ԶՔԳ), որի ներքո ավարտին կհասցվեն քաղաքականության բարեփոխումների աջակցմանն ուղղված ընթացիկ գործառնությունները և կհստակեցվի հետագա աջակցության վերաբերյալ քննարկումների տիրույթը: