«Odnoklassniki»-ի հերթական զոհը. ըստ տուժողի՝ տղան համակարգչով պոռնոկայք է միացրել և արել է այն ամենը, ինչ անում էին միացված ֆիլմում
Առաջին ատյանի դատարանի վճռով՝ 29-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել բռնաբարության մեջ և դատապարտվել 3 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով՝ նա արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն գլխուղեղի վաղ օրգանական ախտահարման հետևանքով» ախտորոշմամբ սակավամտությամբ տառապող և նշված հիվանդության հետևանքով իր հետ կատարվող գործողությունների ներքին բովանդակությունը` բնույթը հասկանալու ունակությունից զրկված աղջկան տեղափոխել է պոմպակայանի պահակատուն և այնտեղ օգտվելով վերջինիս ակնհայտ անօգնական վիճակից, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Դատարանն ապացուցված է համարել, որ տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել աղջկա հետ: Դատարանը նշել է նաև, որ մինչդատական քննության ընթացքում պարզվել է, որ նրանք ծանոթացել են «Odnoklassniki» կայքի միջոցով, ապա տղամարդը մի քանի անգամ զանգահարել է աղջկան և առաջարկել է հանդիպել: Աղջիկն ընդունել է առաջարկը, ապա տղամարդը նրան տեղափոխել է պոմպակայանի պահակատուն: Դատարանի վճռում նշված է նաև, որ մինչդատական վարույթում պարզվել է, որ աղջկա հետ սկզբում՝ հեռախոսով, իսկ հետո՝ նաև նրան պոմպակայան տանելու ճանապարհին անմիջական շփման ընթացքում, տղամարդը հասկացել է նրա՝ հոգեկան հիվանդ լինելու հանգամանքը, սակայն անտեսելով դա և օգտվելով աղջկա անօգնական վիճակից, պոմպակայանի պահակատանը բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Դատարանն իր վճռում նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ գտնվել է պոմպակայանում, «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի իր էջին մի անծանոթ աղջկա նկարով ինչ-որ մեկն է այցելել: Իր ուղարկած հաղորդագրությանն ի պատասխան՝ այդ աղջիկն ուղարկել է իր հեռախոսահամարը:
Ինքը զանգել է նշված հեռախոսահամարով և զրուցել աղջկա հետ: Խոսակցության ընթացքում աղջիկն իրեն շատ ազատ է զգացել, ասել է, որ ուզում է տեսնել իր առնանդամը: Օրվա ընթացքում աղջիկը շարունակ զանգել է իրեն և առաջարկել հանդիպել: Հանդիպելու նպատակով գնացել է մանկապարտեզի մոտ, սակայն հեռվից տեսնելով նրան և տարօրինակ շարժուձևից, ինչպես նաև հեռախոսով խոսելիս լսելով նրա անտրամաբանական մտքերը՝ հասկացել է, որ աղջիկը հոգեկան խնդիրներ ունի: Մտածելով, որ ավելի լավ է նրա հետ որևէ առնչություն չունենալ, առանց մոտենալու և անմիջականորեն շփվելու, վերադարձել է տուն: Ինքն աղջկան պոմպակայան չի տարել և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել:
Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալի պնդումներն իր անմեղության մասին անհիմն են, դրանք չեն բխում քրեական գործով ձեռք բերված ապացույցներից և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում: Ըստ դատարանի՝ այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալն ավելի վաղ տրված բացատրությունում նշել է, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթանալով աղջկա հետ՝ վերցրել է նրա հեռախոսահամարը, զրուցել նրա հետ և պայմանավորվել հանդիպման մասին: Ապա հանդիպելով նրա հետ, նրան տարել է պոմպակայանի պահակատուն, որտեղ աղջկա ցանկությամբ և համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Դատարանն իր վճռում նշել է, որ տուժող ճանաչված աղջիկը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ «Odnoklassniki» սոցիալական կայքով ծանոթացել է մի տղայի հետ, որին տվել է իր հեռախոսահամարը: Այնուհետև տղան զանգել է իրեն և առաջարկել է հանդիպել, ինչին ինքը համաձայնել է հանդիպել, ու հետո իրեն մեքենայով տարել են մի պոմպակայան: Պոմպակայանի պահակատանը, երբ ինքն ու տղան մնացել են մենակ, տղան այդտեղ եղած համակարգչով պոռնոկայք է միացրել, որից հետո հանվել է, հանել է նաև իր հագուստները և պառկելով իր վրա՝ արել է այն ամենը, ինչ անում էին համակարգչով միացված ֆիլմում:
Ըստ դատարանի վճռի՝ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ աղջիկը տառապում է սակավամտությամբ, որը չի ուղեկցվում մտածողության, ինտելեկտուալ-ամնեստիկ կոպիտ խանգարումներով և չի զրկում նրան քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու և ճշմարիտ ցուցմունքներ տալու ունակությունից: Իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին: Նա կարող էր ճիշտ ընկալել և վերարտադրել գործի համար էական հանգամանքների արտաքին կողմը (նկարագրել տեղը, ժամանակը և արտաքին այլ հանգամանքներ), սակայն չէր կարող հասկանալ իր հետ կատարվող գործողությունների ներքին բովանդակությունը՝ բնույթը, ինչպես նաև չէր կարող հասկանալ իր հետ կատարվող գործողությունների բարոյական նշանակությունը և այդ իսկ պատճառով՝ չէր կարող դիմադրություն ցույց տալ: