
ԵՄ-ը հաստատել է Ղրիմի դեմ նոր պատժամիջոցները

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը հաստատել է Ղրիմի դեմ նոր պատժամիջոցները: Փաստաթղթի հիմնական դրույթները հրապարակվել են ԵՄ-ի Խորհրդի կայքում: Դրանում նշված է, որ Ղրիմի դեմ նոր պատժամիջոցները համաձայնեցվել են դեռևս դեկտեմբերի 15-ին՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Այսօր դրանք հաստատվել են գրավոր ընթացակարգի միջոցով: Մասնավորապես, դեկտեմբերի 20-ից եվրոպական ընկերություններին արգելվում է զբոսաշրջային ծառայություններ իրականացնել Ղրիմում: Զբոսանավերին թույլատրվել է միայն արտակարգ դեպքերում մուտք գործել Ղրիմի նավահանգիստներ:
Բացի այդ, սահմանափակումներ են դրվում դեպի Ղրիմ ապրանքների ու տրանսպորտային, հեռահաղորդակցության ու էներգետիկ ոլորտի տեխնոլոգիաներ արտահանելու վրա՝ ներառյալ նավթի ու գազի հետախուզման ու արդյունահանման համար նախատեսված սարքավորումները: Եվրոպացիներին նաև արգելվել է անշարժ գույք գնել թերակղզում: