
Եվրախորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն այսօր վավերացրել է ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: Դրա օգտին է քվեարկել 490 պատգամավոր, դեմ՝ 76-ը, իսկ 57 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:
Փաստաթղթի վավերացմանը ներկա են գտնվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, պատգամավորներ Թեդո Ջափարիձեն, որ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահն է և Վիկտոր Դոլիձեն՝ խորհրդարանի՝ եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահը:
Բացի այդ, վավերացման արարողակարգին ներկա է գտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որին միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: Վրաստանի խորհրդարանը հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված Ասոցացման համաձայնագիրը վավերացրել է հուլիսի 18-ին: