« Ըսիգ երկիր չէ, անարխիա է, թալան է»
Asparez.am-ը գրում է. Վերջին օրերին արժութային շուկայում տեղի ունեցող վայրիվերումները զգալիորեն ազդեցին բոլոր ապրանքատեսակների գների վրա: Դա առավել ակնառու դրսեւորում է ունենում առաջին անհրաժեշտության ապրանքների վրա:
Խանութներում ժամ առ ժամ փոփոխվում են ապրանքատեսակների գները: Պատահում է, որ սպառողը պիտակի վրա այլ գին է տեսնում, իսկ արդեն դրամարկղի մոտ վճարում ուրիշ գին: Խանութների վաճառողների եւ սեփականատերերի տեղեկացմամբ՝ մի քանի ապրանքատեսակ այսօր որոշ խանութներում գտնել հնարավոր չէ, քանի որ պատվեր ընդունողները դրանք այդպես էլ տեղ չեն հասցնում:
-Բրինձ եմ ուզել, ասում է՝ պահեստը փակ է, պեսոկ եմ ուզում, ասում է՝ դոլարով է, աղացած կոֆե եմ ուզում, ասում է՝ դոլարով է ու հետն էլ ահավոր գներ: Ես դոլար որտեղի՞ց առնեմ: 2 հացի փուռ չաշխատավ՝ հացի դիֆիցիտ կլինի, ասենք մի 2 փուռ պահեստավորած ալյուր ուներ, աշխատավ, բա հե՞տո, էսօր ալյուրն էլ է թանկացել,-ասում է Գյումրու խանութներից մեկի վաճառողը:
Մի շարք խանութների սեփականատերեր անգամ չգիտեն, թե այս կերպ շարունակվելու պարագայում իրենք ինչ են անելու: Նրանց ներկայացմամբ, եթե այսպես շարունակվի՝ կկանգնեն խանութները փակելու փաստի առաջ, բայց մյուս կողմից՝ խանութներն ապրանքով լցնելու համար իրենք վարկեր են վերցրել, որոնք ստիպված են փակել:
-Էս պետության հետ աշխատողը վարկերի տակ կընկնի: Սաղ էղածդ կդնես վարկերի տակ, եթե չաշխատար, էդ սաղ բդի նվիրես Սերժիկին ու պրծնիս: Սաղիս ունեցվածքներն ինքը էս ձեւով գողցավ: Ըսիգ երկիր չէ, անարխիա է, թալան է: Իրանց խումարների երեսից բյուջեն դատարկ է՝ մենք բդի փակենք,-նշեց Գյումրիում գործող խանութներից մեկի սեփականատերը:
Ալյուրը 320-ի փոխարեն 400 դրամ, հացը՝ նախկին 110-120-ի փոխարեն, 150 դրամ, շաքարավազը՝ 350-ի փոխարեն, 500 դրամ, ձեթը՝ 750-800 դրամի փոխարեն՝ 950-1100. խանութներից մեկի վաճառողը թվարկում է ապրանքների գնային տարբերությունն ու միաժամանակ նկատում, որ զգալիորեն նվազել է ապրանքների սպառման ցուցանիշը.
-Եթե մարդիկ դրանք էլ գնում են, ապա նախապես իրենց դժգոհությունն են հայտնում ու նոր վերցնում անհրաժեշտ ապրանքները: Մարդիկ ստիպված են, ի՞նչ անեն:
Չնայած օր-օրի ավելացող գներին, մարդկանց դժգոհություններին՝ ամանորի նախաշեմին բավական աշխուժություն է տիրում խանութներում եւ շուկաներում: Գյումրեցիներից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, թե շտապում են գնումներն ավարտին հասցնել, մտավախություն ունենալով, թե մի քանի օր հետո հնարավոր է անհրաժեշտ ապրանքներն էլ ավելի թանկանան: Ապրանքատեսակների թանկացման, խանութներում տիրող իրավիճակների կապակցությամբ փոքրիկ հարցախույզ անցկացրեցինք գյումրեցիների շրջանում: Մեծ մասն առաջնահերթ նշում էր հացի գնի կտրուկ բարձրացումը, այնուհետ անդրադառնում մյուս ապրանքատեսակներին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: