Ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նստաշրջանը անցկացվում է դռնփակ
Քիչ առաջ Ազգային ժողովն ավարտեց կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը, ընդունեց բոլոր ներկայացված օրինագծերը, այդ թվում Մաքսային կարգավորման մասին փաթեթը, և սկսեց ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նստաշրջանը՝ երկրում ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հետ կապված:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարման կարգով հայտարարեց, որ մինչ այս պահը, երբ վավերացվում էին օրենքի նախագծերը, որոնք վերաբերում էին Մաքսային միությանը, շատ տագնապային իրավիճակ է ստեղծվել Հայաստանում. «Կարծում եմ, այս նիստը միանշանակ պետք է լինի բաց և պետք է անկեղծ մեր հանրությանը ներկայացնենք բոլոր քայլերը, դադարեցնենք այդ միությանը ՀՀ-ի բռնակցման վերաբերյալ բոլոր գործողությունները: Մեր շահերից է բխում չմնալ ՌԴ փլատակների տակ: Այս իշխանությունը մեզ տանում է մի ուղղությամբ, որ կմնանք այդ փլատակների տակ»:
«Ձեր ելույթները բաց կհրապարակենք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս հարցերը վերաբերում են ամբողջ հանրությանը, բայց նիստը պետք է անցկացնել դռնփակ, սակայն դռնփակը չի նշանակում գաղտնի:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպեկուլյատիվ աժիոտաժ է ստեղծվում, իսկ մարդիկ, եթե իմանան` ԱԺ-ն փակ է քննարկում, դա կմեծացնի աժիոտաժը. «ԿԲ-ն և կառավարությունը հայտարարություն են արել, բայց դրանք, ըստ էության, ոչ մի բան չեն ասում ու միակ հույսն է, որ մարդիկ այստեղի հարցուպատասխանից տեղեկություն ստանան»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե ևս մեկ անգամ որոշ գործընկերներ փորձ են անում աժիոտաժ ստեղծել, բայց նիստը ավարտվելուց հետո հանրությանը կտեղեկացվեն արդյունքները, իսկ փակ անցկացնելը թույլ կտա տարբեր հայտարարություններով ժողովրդին տագնապալի վիճակի մեջ չգցել:
Ի վերջո, 77 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշվեց նիստն անցկացնել փակ՝ առանց ընդմիջումների: