
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում:
Վավերացված պայմանագիրը նախատեսում է 1-8 տարվա անցումային ժամանակաշրջան՝ Հայաստանի ներկրման մաքսատուրքերը Մաքսային միասնական սակագնին համապատասխանեցնելու համար: ԵՏՄ-ի մասին պայմանագիրը Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել են ընթացիկ տարվա մայիսի 29-ին, Աստանայում: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը վավերացրել է դեկտեմբերի 10-ին: