Բաժիններ՝

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը՝ ԱԷԿ-ի կոմերցիոն գծով տնօրենի ձերբակալման մասին (տեսանյութ)

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ԱԷԿ-ի կոմերցիոն գծով տնօրենի ձերբակալման մասին իմացել է, երբ գործը բացահայտվել է: Նա նշեց, որ մինչև ուսումնասիրությունները չավարտվեն` ոչինչ չի կարող ասել:

168.am-ի հարցին՝ ի՞նչ առնչություն ունի այս գործի հետ նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, Ա.Գալստյանը պատասխանեց, թե չի կարող ասել. «Ամեն մեկը զբաղվում է իր գործերով»:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումների համաձայն, ԱԷԿ-ում չարաշահումների հետ կապված քրեական գործը հարուցվել է այս տարվա առաջին կեսին: Ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ ՀԱԷԿ-ից տարիներ շարունակ անընդհատ տասնյակ միլիոնավոր դրամներ են հոսել դուրս, ասենք՝ գնումներ կատարելու կամ նորոգման աշխատանքներ կատարելու դիմաց վճարումների տեսքով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարի բացահայտված սխեման գործել է դեռեւս 2007 թվականից, այսինքն՝յոթ տարի շարունակ ՀԱԷԿ-ից առավել քան խոշոր չափերի գումարներ են դուրս բերվել: Ավելին՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնցով այդ գումարները դուրս են գնացել, հաստատված են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի ստորագրությամբ:

Իսկ, ասենք, կալանավորված ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանի ստորագրությունն այդ փաստաթղթերի վրա չկա, բայց «գործի գլուխը» եղել է նա: Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ Գագիկ Մարկոսյանը Ռուբիկ Մովսիսյանի մոտ տնօրեն է աշխատել: Ամեն դեպքում, նա ԱԱԾ-ին վստահեցրել է, որ չարաշահումներից և «ատկատներից» ոչ մի տեղեկություն չի ունեցել: Հաշվի առնելով այն փաստը, որ նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և նա կալանավորված չէ, ենթադրվում է, որ իր անմեղության մասին պնդումներն ԱԱԾ քննիչների համար համոզիչ են եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս