Բոյկոտ՝ հանուն ԵՏՄ-ի

Երեկ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգի հաստատման քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց մինչև արտահերթ նստաշրջանի օրակարգին անդրադառնալն արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները:

Զոհրաբյանը սպառնաց, որ իր առաջարկությունը չընդունելու դեպքում ԲՀԿ խմբակցությունը կբոյկոտի արտահերթ նստաշրջանը: Նրան միացան «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունները, ՀՅԴ-ն ստեղծված իրավիճակը քննարկելու համար ընդմիջում խնդրեց: Պարզ էր, որ այս մոտեցմանը կողմ է նաև ՀԱԿ խմբակցությունը` որպես այդ բռնարարքներից անմիջականորեն տուժած կողմ: Այսպիսով ձևավորվեց նստաշրջանը բոյկոտելու պատրաստ քառյակ:

Ընդմիջման ընթացքում ԱԺ վեց խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում և այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ: Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ եթե չորս խմբակցությունները բոյկոտեն նստաշրջանը, ապա իրենք էլ կբոյկոտեն քառյակի կողմից հրավիրվելիք արտահերթ նստաշրջանը: Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ. ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» բոյկոտեցին կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանը և 46 ստորագրություն հավաքելով` արտահերթ նստաշրջան հրավիրեցին, որն էլ բոյկոտվեց ՀՀԿ-ական մեծամասնության կողմից, և քվորումի բացակայության պատճառով չկայացավ:

Եթե նույնիսկ ՀՀԿ-ականները մասնակցեին էլ այդ նստաշրջանին, միևնույն է, նրանք դեմ էին քվեարկելու այն որոշման նախագծին, որը պատրաստել էին չորս խմբակցությունները: Որոշման նախագիծն ընդհանուր առմամբ որևէ արտառոց բան չէր պարունակում. այնտեղ ասվում է, որ ԱԺ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարքները և իրավապահ մարմիններից պահանջում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այդ հանցագործությունների կազմակերպիչ և մեղսակից անձանց ի հայտ բերելու և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Մեկ այլ կետով ԱԺ-ն պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները` այսուհետ կանխելու քաղաքակիրթ և ժողովրդավար երկրին անհարիր նման երևույթները:

Կարդացեք նաև

Սակայն ՀՀԿ-ականների համար անընդունելի էր որոշման երկրորդ կետը, որով պահանջվում էր.

«Բռնության կոչերի և դատապարտելի հայտարարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին»: Նման ուլտիմատիվ պահանջը չէր կարող ընդունելի լինել իշխանության ներկայացուցիչների համար, և բնական է, որ նրանք բոյկոտեցին քառյակի արտահերթ նստաշրջանի պահանջը: Ըստ ամենայնի, քառյակն էլ կշարունակի իր բոյկոտի քաղաքականությունը և չի մասնակցի կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի մյուս նիստերին:

Առաջին հայացքից կարծես թե ոչ մի արտառոց բան չկա. ոչ իշխանական ուժերը փորձեցին անցկացնել իրենց որոշման նախագիծը, բայց քանի որ ՀՀԿ-ն դեմ էր դրան, նրանք էլ բոյկոտեցին այդ նստաշրջանը՝ ընդգծելով իրենց ընդդիմադիր կեցվածքը: Բայց կա մի յուրահատուկ դրվագ, որի վրա արժե ուշադրություն դարձնել. դա կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգն է:

Արտահերթ նստաշրջանի օրակարգը կազմված էր հիմնականում այն օրենքների փոփոխություններից, որոնք անհրաժեշտ են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համար: Հայաստանը պետք է մինչև ԵՏՄ-ին անդամակցելը որոշ օրենքներ համապատասխանեցնի ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը. խոսքը մասնավորապես վերաբերում է «Մաքսային կարգավորումների մասին» օրենքին, «Ավելացված արժեքի մասին» և «Ակցիզային հարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, պետք է ընդունվի օրենք «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին»:

Այս շարքը կարելի է էլի թվարկել:

Հիմա պատկերացնենք, որ քառյակը, որն իրեն համարում է ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր, մասնակցում է այս օրենքների քննարկումներին և քվեարկություններին:

Եթե այս օրենքները վերաբերեին միայն Հայաստանի Հանրապետությանը, ապա վերոհիշյալ խմբակցություններն անպայման դեմ կքվեարկեին դրանց կամ արդեն գործողներում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկներին` դրանով ընդգծելով իրենց ընդդիմադիր կեցվածքը:

Բայց խոսքը վերաբերում է օրենքների, որոնք առնչվում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը: Դեմ քվեարկել այդ փոփոխություններին, կնշանակի` դեմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը, քանի որ առանց այդ փոփոխությունների Հայաստանը չի կարող անդամակցել ԵՏՄ-ին, իսկ կողմ քվեարկելով` քառյակն ընդամենը ցույց կտար, որ ինքը քվեարկում է այնպես, ինչպես ՀՀԿ-ն, և քառյակի ու ՀՀԿ-ի միջև առանձնապես տարբերություն չկա:

Ահա հենց նման պայմաններում է, որ ծնվել է բոյկոտի գաղափարը, որովհետև բոյկոտը փրկում է քննարկումներին և քվեարկություններին մասնակցելուց, այսինքն՝ փրկում է դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից: Բայց մինչև ե՞րբ կարող է այս ամենը շարունակվել: Հունվարի 2-ից հետո, կամ այն պահին, երբ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների մեծ մասը պետք է համահունչ լինի ԵՏՄ օրենսդրությանը, և դրանց դեմ արտահայտվելը կդիտարկվի` որպես ոչ բարեկամական մոտեցում ԵՏՄ-ի նկատմամբ, ինչը խորհրդարանական ընդդիմությունը կամ այլընտրանքն իրեն թույլ տալ չի կարող: Ինչպես ասում են, բոյկոտը տակտիկական լուծում է, բայց ոչ ստրատեգիական:

Տեսանյութեր

Լրահոս