Արարատ Զուրաբյան. «Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, եթե դու միանում ես չքավորների ակումբին»
ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը խստորեն դատապարտում է ազատամարտիկների և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները, սակայն այս երևույթը նրա համար ամենևին զարմանալի չէ: «168 Ժամի» հետ հարցազրույցում Ա. Զուրաբյանը նշեց, որ իր կարծիքով՝ սա ուղղակիորեն կապված է եվրասիական գործընթացների հետ, և նմանատիպ զարգացումները կարելի էր կանխատեսել այն բանից հետո, երբ Հայաստանը որոշեց միանալ «բռնատիրությունների ակումբին»՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ):
– Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ` ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում այս բռնությունները: Օրինակ, Լևոն Երանոսյանի հայտարարությունը, որ կկտրի ցանկացածի ականջը, ով վատ բան կասի երկրի նախագահի հասցեին, որքանո՞վ է հարիր իրեն իրավական պետություն հռչակած երկրի Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային:
– Այն, ինչ տեղի է ունեցել, մասնավորապես՝ ազատամարտիկների և քաղաքական գործչի հետ, ծեծի, բռնության երևույթները, բնականաբար, դատապարտելի և անընդունելի են ցանկացած հասարակության համար, որն ունի քաղաքական զարգացման տեսլական: Միևնույն ժամանակ` պետք է նշեմ, որ իշխանություններն իրենք պիտի շահագրգիռ լինեն հնարավորինս արագ բացահայտելու այդ գործերը և գտնելու մեղավորներին, որովհետև, առաջին հերթին, դա հենց իրենց է հարվածելու: Ես չգիտեմ՝ որքանո՞վ են նրանք դա գիտակցում, բայց կարծում եմ՝ գիտակցում են: Եվ դրա տարրերից մեկն էլ համարում եմ այն, որ նույն Լևոն Երանոսյանին նկատողություն հայտարարվեց իր վերադասի կողմից` համապատասխան հայտարարություններն անելու համար:
Իհարկե, նկատողություն, թե ոչ նկատողություն, թող մնա իր վերադասի խղճին, սակայն ակնհայտ է մի բան, որ Հայաստանը` անդամագրվելով ԵՏՄ-ին, ընտրել է զարգացման այնպիսի ուղի, որտեղ բռնությունը, անօրինականությունը և նմանատիպ երևույթները սովորական են: Եկեք արձանագրենք նաև, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր ջատագովն են ԵՏՄ-ին ինտեգրվելու, այս միջադեպերից հետո անմիջապես վազեցին դեպի եվրոպական պետությունների դեսպանատներ` արտահայտելու իրենց բողոքը` մարդու իրավունքների ոտնահարման, ծեծի, բռնության հետ կապված: Այս փաստն ուղղակի զարմանք է հարուցում, որովհետև այն տրամաբանությունը, որով նրանք ընթանում են կամ տեսնում են իրենց քաղաքական զարգացումները, պետք է ստիպեր նրանց վազել բելառուսական, ղազախական և ռուսական դեսպանատներ և այնտեղ ներկայացնել իրենց բողոքը:
Սակայն դա, բնականաբար, երբեք տեղի չի ունեցել, և կարծում եմ՝ չի էլ ունենա, որովհետև չեմ կարծում, որ ԵՏՄ-ի եռյակը լավագույնն է այս բնագավառներում՝ Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական ազատություններ, բռնությունների կանխարգելում, և այլն:
Ինչևէ, թող այս հարցի շուրջ էլ իրենք մտածեն, երբ տարբեր ելույթներ են ունենում և հայտարարում են, որ «անշրջելի է» Հայաստանի ընթացքը դեպի Եվրասիական միություն, դեպի քաղաքակրթական այդ հարթակ: Անկախ ամեն ինչից` սա կլինի ՀՀ իշխանությունների ամոթը, եթե իրենք չբացահայտեն այս քրեական գործերը, և համապատասխան պատիժ չստանան նրանք, ովքեր սանձազերծել են այս հարձակումները:
– Կան որոշ տեղեկություններ, որ հարձակում կատարած անձինք կապված են իշխանության ներկայացուցիչների հետ: Եթե իրոք սանձազերծողն իշխանություններն են, ստացվում է` իշխանության վերջին փաստարկը բռնությո՞ւնն է:
– Ես համոզված չեմ, որ իշխանությունը գնում է այն ճանապարհով, որ իր վերջին փաստարկը բռնությունն է: Առանձին անհատներ կարող են դրա սանձազերծողը լինել: Չեմ ուզում նշել անուններ, որովհետև, իմ կարծիքով, այդ անունները հենց ինքը` իշխանությունը, պիտի նշի, թե ով՝ ով է, որովհետև մեղադրել ինչ-որ մեկին, եթե դա հաստատված չէ, նույնպես անթույլատրելի է: Հայաստանում ընդունված է երբեմն խոսել ֆուտբոլային տերմինաբանությամբ. կարծում եմ` գնդակն իշխանությունների դաշտում է, և նրանք պետք է պատասխան տան, թե ինչպես են հնարավոր դարձել նման երևույթները, և ինչ միջոցներ են նրանք ձեռնարկել գործերը բացահայտելու համար:
– Իսկ այս հարձակումները կարո՞ղ են առաջացնել հասարակական լուրջ ընդվզումներ:
– Մենք ապրում ենք մի երկրում և մի տարածաշրջանում, որտեղ նույնիսկ աննշան մի երևույթ կարող է առաջացնել բողոքի լուրջ գործողություններ: Դրա ապացույցը, օրինակ, ազատամարտիկների հավաքն էր Եռաբլուրում: Նմանատիպ երևույթներն իրոք կարող են խթան հանդիսանալ ինչ-որ գործընթացների զարգացման:
– Վերջին ասուլիսում ասացիք, որ հասարակությունը չի բողոքում ԵՏՄ-ին անդամակցելու դեմ, որովհետև գտնվում է որոշակի նիրհի մեջ: Ազատամարտիկների այդ հավաքում Սասուն Միքայելյանը շատ հուզական ելույթ ունեցավ` ասելով. «եկել եմ այստեղ, որ քաղաքական պոռնիկները մեզ չմասնատեն, մերոնք, ձերոնք չկա, մենք հայ ենք»: Միգուցե մարդիկ դուրս չեն գալիս բողոքելու հենց այն պատճառով, որ պառակտվա՞ծ են տեսնում քաղաքական դաշտը:
– Մեր հասարակությունն ամբողջությամբ իր բնույթով պառակտված է: Պառակտված է գոնե այն առումով, որ մեր հասարակության մի զգալի հատված հեռանում է Հայաստանից, հեռացել է և դեռ պատրաստվում է հեռանալ: Փաստացի սա հանրային պառակտում է: Ես նման գնահատականներ չեմ ընդունում: Կարծում եմ՝ քաղաքական դաշտն այնպիսին է, ինչպիսին հասարակությունը: Քաղաքական դաշտն ունի մեկ անելիք` պետք է ներկայացնի իր հայացքները, տեսակետները, ծրագրերը, և հանրությունը, ըստ իր նախասիրությունների, մոտեցումների, հետևի քաղաքական այս կամ այն միավորին:
Յուրաքանչյուրն ունի իր իրավունքների ու պարտականությունների որոշակի շրջանակը: Ես ինչ-որ տեղ հասկանում եմ այն մարդկանց, որոնք վրդովմունք են արտահայտում: Այդ վրդովմունքը հիմք ունի, և հիմքում ընկած է հետևյալը, որ առանձին քաղաքական շերտեր, ուժեր հայտարարում են իրենց այս կամ այն սկզբունքների մասին, սակայն ժամանակի ընթացքում լրջագույն շրջադարձ են կատարում և սկսում են զինակցել նրանց, ում դեմ պայքարել են, փոխել իրենց մոտեցումներն ու հայացքները: Բնականաբար, դա առաջացնում է մարդկային ընդվզում:
Կարծում եմ` մեր հասարակությունն արդեն իր մաշկի վրա է զգալու ԵՏՄ անդամակցությունը: Այս մեկ ամսվա ընթացքում Հայաստանում նույն դոլարի կամ եվրոյի փոխարժեքը շեշտակի աճ է ունեցել, և այդ պրոցեսը, անկախ նրանից, որ Կենտրոնական բանկն ամեն օր ինտերվենցիաներ է իրականացնում, շարունակվում է, և տուժում են գրեթե բոլորը: Բնականաբար, տեղի է ունենալու գնաճ: Մեր դաշնակիցը` ԵՏՄ-ի հիմնական խաղացող Ռուսաստանը, արդեն իսկ հայտարարում է իր բյուջեի 10 տոկոսանոց սեկվեստորի մասին:
Այսօր հայտարարում է 10 տոկոսի մասին, համոզված եմ՝ շատ կարճ ժամանակ հետո կհայտարարի ավելիի մասին: Ավելին, համոզված եմ, որ Ռուսաստանում տեղի կունենա ռեցեսիա, այսինքն՝ դա կբերի տնտեսական փլուզման, որի հետևանքով Հայաստանը նույնպես լրջագույն հարված կստանա այս դաշտում: Այս գործընթացը շարունակական է լինելու, և ավելի լավ քարոզ մեր համաքաղաքացիներին, թե ինչ է իրականում տեղի ունենում և ինչու է տեղի ունենում, դժվար է պատկերացնել:
Հայաստանում տասնյակ-հազարավոր մարդիկ ունեն դոլարային վարկեր, և ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին անշրջելիորեն կհանգեցնի նրանց սնանկացմանը: Ես ցավում եմ, որ այս ճանապարհով ենք ընթանալու և անպայման պիտի տնտեսական, ֆինանսական հարվածներ ստանանք, պիտի ավելանա չքավորությունը, լինի գնաճ, տնտեսական ծանր պայմաններ, նոր մարդիկ գիտակցեն, թե ինչն է ճիշտ, ինչը` սխալ:
– Թեև իշխանությունները մշտապես հայտարարում են, որ ԵՏՄ-ին միանալը տնտեսական գործընթաց է, բայց նախորդ շաբաթ տեսանք, թե ինչպես են հայ պատգամավորները ՀՀ Ազգային ժողովում, մասնավորապես` «Հայ-ռուսական բարեկամության ակումբի» հերթական նիստի շրջանակներում, ելույթ ունենում ռուսերենով` կոպտորեն խախտելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: Սա չի՞ նշանակում, որ սա նաև քաղաքական ենթատեքստ ունի:
– Երբ որևէ երկրի տնտեսական միավորները հարաբերություններ են ունենում իրար հետ, դրանք տնտեսական հարաբերություններ են, այսինքն` մեկն արտադրում է ինչ-որ ապրանքատեսակ, մյուսն այն կիրառում է հետագա իր գործընթացում, մեկը դրա սպասարկմամբ է զբաղված, մյուսը` առևտրով:
Երբ տնտեսական հարաբերությունները դուրս են գալիս երկրի շրջանակից և իրենց մեջ ներառում են տարբեր երկրների հարաբերություններ, դրանք, բացի տնտեսականից, ունենում են նաև այլ` քաղաքական բաղադրիչ: Օրինակ, մենք հայտարարում ենք, որ Ռուսաստանի ներքին գներով ենք սպառազինություն ստանում, Ադրբեջանը գնում է շուկայական գներով: Սա տնտեսակա՞ն հարաբերություններ են, թե՞ քաղաքական և տնտեսական: Իսկ այսօր Ռուսաստանը, ցավոք սրտի, տնտեսական բնագավառում աշխարհի ամենաթույլ խաղացողներից է:
Երբևէ չենք խոսում նման բաների մասին, բայց, օրինակ, Գերմանիայի Դաշնության բյուջեն կազմում է ավելի քան 1,6 տրիլիոն դոլար` չորս անգամ ավելի, քան Ռուսաստանի բյուջեն 2014 թ.: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի բյուջեի մուտքերի մոտ 50 տոկոսը գալիս է էներգակիրների վաճառքից (մոտ 195-200 միլիարդ դոլար), իսկ ՌԴ բյուջեն, եթե չեմ սխալվում, ծախսային մասով մոտ 450 միլիարդ է, ապա պետք է նկատի ունենանք, որ այն առնվազն կկիսվի: Հիմա նայեք ՌԴ-ի հսկայական տարածքին, այն համեմատեք Գերմանիայի տարածքի հետ և տեսեք, թե որքանով է արդյունավետ ռուսական տնտեսությունը, որքանով է լավ աշխատում այն, և այս հարցերի պատասխանը կարելի է հստակ ստանալ:
Երբ մենք խոսում ենք տնտեսական կամ քաղաքական կատեգորիաներից, չենք բերում օրինակներ, որոնք վառ ապացույցն են նրա, որ մենք քաղաքական և տնտեսական սխալներ ենք գործում: Մենք խոսում էինք, որ Հայաստանը կարող էր գնալ եվրոասոցիացման ճանապարհով, իսկ այդ ճանապարհով գնալու դեպքում Հայաստանը գործ էր ունենալու նույն Գերմանիայի հետ, Ֆրանսիայի հետ, որի բյուջեն 1 տրիլիոն 400 միլիարդ դոլար է, Իտալիայի հետ, որի բյուջեն մոտավորապես 1 տրիլիոն դոլար է, Իսպանիայի հետ, որի բյուջեն 500 միլիարդ դոլար է: Ես ներկայացնում եմ թվեր, որոնք շատ վառ խոսում են իրավիճակի մասին: Մեր քաղաքական և տնտեսական լուրջ գործիչները հպարտանում են նրանով, որ Հայաստանի համար 180 միլիոնանոց շուկա է բացվել, բայց այդ շուկայի պոտենցիալը նշածս շուկայի հետ համեմատելը նույնն է, որ մուկը համեմատես փղի հետ: Լավ կլիներ, որ համեմատություններն այսպիսին լինեին, և ասեին մի բան՝ որ մենք վախենում ենք Ռուսաստանից, Ռուսաստանը մեզ ճնշում է, մենք ստիպված ենք գնացել այս քայլին:
– Փաստորեն, երբ ասում են` ԵՏՄ-ին միանալն «անվտանգության հարց է», այդ բացատրությունը քաղաքական լեզվից այդպե՞ս է թարգմանվում, որ սա սպառնալիքի՞ հարց է:
– Ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց կրթական ցենզը, գիտելիքների մակարդակը, ունակությունները չեն համապատասխանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նվազագույն շեմին, և դրա համար էլ նրանք անում են եզրակացություններ, որոնք անթույլատրելի են ողջամիտ հասարակության պարագայում: Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, եթե դու միանում ես չքավորների ակումբին: Չքավորը երբեք անվտանգ չի լինում:
Բյուջեներից խոսեցինք, հիմա շարունակեմ: Հայաստանում մշտապես հակաթուրքական քարոզչություն է գնում: Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի բյուջեն, եթե չեմ սխալվում, 100 միլիարդ դոլարից առավել է, Ադրբեջանինը` մոտ 27 միլիարդ, Հայաստանի բյուջեն` 2,6 միլիարդ: Եթե ընդհանրապես որևէ մեկը չգիտի, պետք է իմանա, որ պատերազմը նաև ֆինանսա-տնտեսական բաղադրիչ ունի: Օրինակ` ԱՄՆ-ի ներխուժումն Աֆղանստան, առանձին գնահատականներով, ԱՄՆ-ի վրա նստեց 1-ից մինչև 1,7 տրիլիոն դոլար: Ցանկացած պատերազմ ունի իր գինը, և կրկնում եմ` դա միայն մարդկային կորուստները, ավերածությունները և սպառազինությունների վատնումը չեն:
Եվ շատ ավելի ճիշտ կլիներ, որ անվտանգության մասին մտածողները մտածեին, թե ինչպես տնտեսապես զարգացնել մեր երկիրը, որպեսզի Հայաստանը կարողանա դիմակայել ցանկացած հակառակորդի, և դա է նրանց սուրբ պարտքը, ոչ թե գտնեն ավագ եղբայրներ, այն էլ` կասկածելի բովանդակությամբ և գործելաոճով, և փորձեն «ավագ եղբոր» թևի տակ մի քիչ ավելի հանգիստ ապրել:
Կյանքը մի բան է ցույց տալիս, որ բոլոր տիպի բռնապետություններն ինչ-որ մի օր դադարում են բռնապետություն լինել: Չեմ ասում` երկիրը վերանում է. նույն Ռուսաստանին, բնականաբար, մաղթում եմ շատ պայծառ ապագա, բայց այն օրը, երբ ինքը՝ Ռուսաստանը, ներքուստ կփոխվի, մարդիկ, ովքեր այսօր Հայաստանը տեսնում են այս ճանապարհով զարգանալիս, կգիտակցեն, որ իրենք անելիք չունեն այս երկրում:
Շատերին թվում է, թե դա շատ երկար է տևելու, բայց ես հավաստիացնում եմ, որ դա տեղի է ունենալու շատ մոտ ապագայում: Զարգացման երկու սցենար կա: Առաջինը, ՌԴ-ն կգնա զիջումների, որի հետևանքով կփորձի փրկել իր տնտեսությունը, կգնա նաև քաղաքական, տնտեսական բարեփոխումների:
Այդ դեպքում միգուցե իրավիճակը փոխվի: Հակառակ պարագայում Ռուսաստանի կառավարման այս ձևը տանում է փլուզման: Սա վարչահրամայական կառավարման մի ձև է, որն իրեն սպառել է այսօրվա քաղաքակիրթ աշխարհում, որքան էլ հակառակը պնդողներ լինեն: Փառք Աստծո, Հայաստանը գոնե ամբողջությամբ այդպիսին չէ, կարելի է ասել` գրեթե այդպիսին չէ, սակայն գտնվում է այդ ազդեցության ներքո, և բոլոր այն վտանգները, որոնք սպառնում են մեր հյուսիսային բարեկամին, ավտոմատ կերպով նաև մեզ են բաժին հասնում:
Ընդհանրապես Հայաստանի անվտանգությունը նման է օդապարիկի: Երբ մեծ օդապարիկն ուզում է ազատվել ծանրությունից, որպեսզի օդ բարձրանա, առաջինը բալաստից է ազատվում: Եվ, ցավոք, շատ հնարավոր է, որ Հայաստանի անվտանգությունը նույն Ռուսաստանի գործողությունների հետևանքով նմանվի այն բալաստին, որից ազատվում են: