
ԿՀՎ-ը տեղյակ է եղել, որ Իրաքը կապված չէ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿՀՎ-ը գաղտնազերծել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ գերատեսչությունում ի սկզբանե չեն հավատացել, որ Իրաքը կապված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչություններին:
Փաստաթուղթը հերքում է այն ենթադրությունը, որ 2001 թվականի ահաբեկչությունների կազմակերպիչ Մոհամմեդ Աթան Պրահայում հանդիպել է իրաքյան հետախուզության ներկայացուցչի հետ: Այդ պնդումը քանիցս կրկնել է տվյալ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին, և այն հանդիսացել է 2003 թվականին Իրաք ներխուժելու հիմնական փաստարկներից մեկը:
Փաստերը ցույց են տվել, որ Աթան չի մեկնել Պրահա: Իրաքի մուտք գործելու համար հիմնական մյուս փաստարկն այն ենթադրությունն է, որ Իրաքն ունի զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ), ինչը, սակայն, նույնպես չհաստատվեց: Տարբեր հաշվարկներով Իրաք ամերիկյան ներխուժումը հանգեցրել է ավելի քան 100.000 զոհերի, որոնցից 4500-ն ամերիկացի զինծառայողներ են: