
Եթե Ուկրաինան վերստին կորցնի փոխվելու հնարավորությունը, ապա մոտ ապագայում այլևս չի ունենա այն. Բայդեն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան չպետք է կորցնի երկիրը լավ ուղղությամբ փոխելու ևս մեկ հնարավորություն, քանի որ եթե դա տեղի ունենա, ապա մոտ ապագայում ուկրաինացիներն այլևս չեն ունենա այդպիսի հնարավորություն:
Այս մասին Վաշինգտոնում գործող Ազգային դեմոկրատական ինստիտուտում երեկ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը. «Այդ մարդիկ, չնայած ուժգին ցրտերին ու դիպուկահարների փամփուշտներին, հնարավորություն են ստացել իրենց երկիրն արմատականորեն փոխել դեպի լավը:
Նրանք չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը: Կորստյան է մատնվել անկախության գրեթե մեկ քառորդ դար, Նարնջագույն հեղափոխությունը, և եթե դա տեղի ունենա վերստին, ապա այդ մարդիկ մոտ ապագայում այլևս չեն ունենա նման հնարավորություն»:
Բայդենի խոսքերով՝ Ուկրաինան հանդիսացել է ավազակապետություն, իսկ վերջին շրջանում առկա է այդ համակարգը հաղթահարելու առաջընթաց՝ թեև դրա ճանապարհին դեռ կան զգալի խոչընդոտներ: