Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Խադիջա Իսմայլովայի ու Անար Մամեդլիի բողոքները
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր քննել է կալանքի տակ վերցված լրագրող Խադիջա Իսմայլովայի ներկայացրած բողոքը: Իսմայլովան բողոքարկել էր Բաքվի շրջանային դատարանի կողմից իրեն նախնական երկամսյա կալանքի տակ առնելու մասին կայացրած որոշումը:
Սակայն Բաքվի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Տվյալ նիստին ներկա է գտնվել նաև Խադիջա Իսմայլովան, ով հայտարարել է, որ իրեն կալանավորելն ապօրինի է, թեև և՝ սպասելի: Խադիջա Իսմայլովան մեղադրվում է ՔՕ 125-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը): Իսմայլովան կարծում է, որ իրեն կալանավորելը կապված է իր արհեստավարժ գործունեության հետ:
Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է նաև Ընտրությունների դիտարկման ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի և ևս երկու ակտիվիստի՝ Բաշար Սուլեյմանլիի ու Էլնուր Մամեդովի ներկայացրած բողոքները՝ կայացված դատավճիռները թողնելով ուժի մեջ:
Անար Մամեդլին դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման, իսկ Բաշիր Սուլեյմանլին ու Էլնուր Մամեդովը դատապարտվել են 3.5-ական տարվա ազատազրկման: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Անար Մամեդլիին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: