Ավետիք Իշխանյան. «Հանուն թվացյալ կամ իրական բարեկեցության ազատությունից հրաժարվելը հպատակի հոգեբանություն է»

«Առանց ռուս ազգի մենք չենք կարա գոյատևենք: Մեր ազգը սաղ կյանքը եղել ա ուրիշի լծի տակ: Մենք սովո՛ր ենք, որ մեր գլխին պետք ա մեկը լինի՝ պարսիկը, թուրքը, ռուսը: Լավ չի՞` ռուսի իշխանության տակ լինենք»: Այս խոսքերի հեղինակն Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Մհեր Սեդրակյանն է (hանրությանը նա ավելի շատ հայտնի է՝ որպես Թոխմախի Մհեր): Խիստ քննադատության արժանացած այս հայտարարությունը նա արել է դեկտեմբերի 4-ին՝ խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցման մասին պայմանագրի վավերացումից հետո, երբ լրագրողներին բացատրում էր, թե ինչու է ինքը կողմ քվեարկել:

Միգուցե մամուլն այսքան մեծ ուշադրություն չդարձներ այդ մեկնաբանությանը, առավել ևս, երբ մի քիչ դժվար է խոսքերի հեղինակին դասական իմաստով քաղաքական գործիչ անվանելը, բայց Սեդրակյանը որոշակիորեն արտահայտեց դարեր շարունակ հայ ժողովրդի մեջ արմատացած գաղափարը, որ մենք երբեք չենք կարող ինքնուրույն ապրել, ինչ-որ մեկը պիտի «տիրություն անի» մեզ, դրսից ինչ-որ մեկը պիտի գա ու պաշտպանի մեզ` հայերիս, այլապես մեզ կկոտորեն: Տնայնավարական այս հոգեբանությունը գերիշխում է ինչպես` վերևում, այնպես էլ` ներքևում, և շատ հաճախ հենց այս փաստարկով են վերևները բացատրում պետության անվտանգության համակարգն օտարին հանձնելը, իսկ ներքևները՝ օտարից կախյալ լինելու, նրան հպատակվելու նախախնամության մասին իրենց պատկերացումները:

Սրա հետևանքով չի կարևորվում սեփական հայրենիքում ապրելը, որովհետև լայն իմաստով մարդկանց մեջ չի արմատանում քաղաքացիության և պետականության գաղափարը, փոխարենը` արդարացվում է գոյատևելու կամ ավելի լավ ապրելու համար օտար երկրներ գաղթելը:

Այս խնդրի շուրջ է «168 Ժամի» հարցազրույցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:

Կարդացեք նաև

– Դուք Ձեր հարցազրույցներում միշտ ասում եք, որ դարեր շարունակ` կղերական, հետո էլ` խորհրդային մտավորականությունը հայ ժողովրդին ներշնչել է, որ` «դու ինքնուրույն չես կարող ապրել, դու պետք է մեկի հովանավորությունն ունենաս»: Փաստորեն, ստացվում է, որ այսօր օլիգարխնե՞րն են դարձել հայ «մտավորականությունը», որն իր վրա է վերցրել այդ առաքելությունը:

– Եթե չասենք՝ հայ մտավորականությունը, ապա հայկական վերնախավը դարձել է օլիգարխիան, որովհետև այսօր մի քիչ դժվար է ասել, թե մենք ի՞նչ նկատի ունենք՝ մտավորականություն ասելով: Համենայն դեպս, այն շերտը, որը կար 19 դարի երկրորդ կեսին-20 դարի սկզբին ու նաև խորհրդային տարիներին և որը բավական մեծ ազդեցություն ուներ հասարակության վրա, կարող ենք տալ անուններ` Թումանյան, Տերյան, Րաֆֆի, Պատկանյան, Նալբանդյան, այսօր, կարծես թե, չկա, և պատասխանատուն, որոշողը վերնախավն է, իսկ Հայաստանի վերնախավը հիմնականում հենց այդ օլիգարխիան է:

Եվ եթե անդրադառնանք Մհեր Սեդրակյանի մեկնաբանությանը, ապա ես, պայմանական ասած, ողջունում եմ նրա ասածը: Ի՞նչ տեսակետից. որովհետև նա բավական անկեղծ ասել է՝ ինչ մտածում է: Իսկ մնացած «նժդեհական» պատգամավորները նույն ձևով մտածում են, բայց այլ բաներ են ասում՝ ԵՏՄ անդամակցությունը ներկայացնելով, որ ինքնիշխանության կորուստ չի, և այլն, և այլն:

ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց Երկիրը», ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր այդ մտածողության կրողներն են: Եվ ընդհանուր առմամբ այս մտածողությունը բերում է ազգի դիմադրողականության անկման: Սրա ածանցյալներն են թե՛ արտագաղթը, թե՛ կոռուպցիան:

Եթե դու չունես վեհ գաղափար, ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկար, և քո միակ նպատակը քարշ գալն է, ուրեմն երկրից բողոքելու իրավունք էլ չունես: Այդ քարշ գալը, իհարկե, տարբեր ձևով կարելի է հասկանալ: Կարելի է հարուստ քարշ գալ՝ օլիգարխի պես, բայց, ի վերջո, սա գոյատևելու հոգեբանություն է, որը ոչ միայն թուլացնում է դիմադրողականությունը, այլև արհամարհանքի է արժանանում այլ ազգերի կողմից:

– Այսինքն՝ քարոզվում է այն գաղափարը, որ ավելի լավ է լինել ստրուկ, բայց կո՞ւշտ:

– Ես հենց դա նկատի ունեի, այսինքն՝ քարոզվում է այն գաղափարը, որ, հայ ժողովուրդ, դու որևէ բանի ընդունակ չես, դու հպատակ ես և պետք է համակերպվես հպատակի կարգավիճակի հետ: Եվ այս հպատակությունը մի քանի աստիճան ունի, որովհետև նույն Մհեր Սեդրակյանը, ով իրեն հպատակ է համարում ցանկացածի, բայց ավելի լավ է՝ ռուսի, նույն ձևով հպատակ է Հանրապետության նախագահին, վարչապետին, իսկ իրենից ցածր դիրք զբաղեցնողներն էլ իր հպատակներն են: Սա քաղաքացու և իշխանության մտածողություն չի, սա հպատակի և իշխանության մտածողություն է. ինչպես Ռուսաստանն է իր հետ վարվում, և դա ինքը նորմալ է համարում, նույն ձևով նա վարվում է, իր կարծիքով, իրենից ցածր գտնվող անձանց հետ, մասնավորապես՝ մենք գիտենք, թե նա ինչպես է վարվում լրագրողների հետ:

Եվ այդ հոգեբանությունը բոլորի մեջ է: Սա դարերով ձևավորված հայկական հոգեբանությունն է՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»: «Որտեղ հաց, այնտեղ կաց»` նշանակում է` չունենալ ազգային արժանապատվություն, այսինքն՝ այդ նույն բարեկեցության համար կարելի է նաև արտագաղթել: Սա այդ տրամաբանությունն է՝ ամեն ինչ` հանուն քո հացի: Համենայն դեպս, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, որ տարիներով բանտերում նստած էր, դեմ էր հենց այդ մտածողությանը: Եվ ահա թե ինչ ժառանգություն է նա թողել, ցավոք սրտի:

– Իշխանության ներկայացուցիչները եվրասիական ընտրությունը փորձում են արդարացնել՝ վերագնահատելով 23 տարի առաջ հայ ժողովրդի ընտրությունը, այսինքն՝ անկախության առաջին օրերին մենք կարծում էինք, որ մեզ ընդամենն ազատություն է պետք, Արևմուտքը մեզ կօգնի, և մենք կապրենք, բայց Արևմուտքը չօգնեց, այդ պատճառով էլ այսօր հասանք այս վիճակին, հետևաբար` ավելի լավ է՝ վերջնականապես վերադառնանք նախկին ուղղությանը: Որքանո՞վ է ճիշտ՝ խոսել հնարավոր բարեկեցության մասին` ԵՏՄ-ի պարագայում:

– Նախ, ես բացարձակապես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որ մեր սոցիալական վատ վիճակի պատճառն անկախությունն էր, որովհետև դրա պատճառն իշխանությունների ապիկար քաղաքականությունն է: Նրանք շարունակ ձգտել են հարստանալ, անվերջ պահել իշխանությունը և չեն փորձել ստեղծել իրավական պետություն: Իսկ եթե այդ ամենը լիներ, Հայաստանը շատ ավելի բարեկեցիկ երկիր կլիներ, քան նույնիսկ խորհրդային տարիներին: Երկրորդը, հանուն թվացյալ կամ իրական բարեկեցության ազատությունից հրաժարվելը հպատակի հոգեբանություն է:

Ինչ վերաբերում է թվացյալ բարեկեցությանը, ապա հետաքրքրական է, որ մենք անդամակցում ենք ամենաանբարեկեցիկ միությանը. Ռուսաստանի տնտեսությունը փլուզվում է մեր աչքերի առջև, և իրենք` ռուսներն էլ դա չեն թաքցնում, Բելառուսի տնտեսությունը՝ լրիվ կախված Ռուսաստանից, նույն ձևով փլուզման եզրին է, և նավթի համաշխարհային գների անկման պատճառով առանձնապես բարվոք վիճակում չի Ղազախստանը: Արդյոք սա՞ է մեր բարեկեցությունը:

– Իսկ գուցե դա կարճաժամկե՞տ երևույթ է:

– Իսկապես կարճաժամկետ է. ինքը` ԵՏՄ կառույցն է կարճաժամկետ: Թեև նպատակը, ի վերջո, ԵՏՄ-ի միջոցով Խորհրդային Միության տիպի կայսրության վերականգնումն է, բայց եթե Խորհրդային Միության ժամանակ կար էներգետիկա և գաղափար, որի շուրջը շատ ավելի քիչ կողմնակիցներով կարողացան ստեղծել հզոր կայսրություն, ապա այստեղ գաղափար չկա, այստեղ միայն հակադրումն է Արևմուտքին: Եվ այս անգաղափար միությունը երկար չի կարող գոյատևել: Բայց այստեղ խնդիրն ուրիշ է. կարճաժամկետ ԵՏՄ-ն մխիթարություն չի, որովհետև Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրի քվեարկությունը ցույց տվեց, որ հայ ժողովրդի վերնախավը երբեք անկախության չի ձգտել, և երկու անգամն էլ՝ 1918 թ. և 1991 թ., անկախությունն ինքն իրեն եկել է:

ԵՏՄ-ի չկայանալը ոչ թե լինելու է հայ ժողովրդի անկախության ձգտման հետևանքով, այլ` անկախ մեր կամքից, և մենք հայտնվելու ենք հիմար վիճակում, որ անդամակցում էինք մի միության, որը հեռանկար չուներ: Բայց այս ամենի մեջ ամենակարևոր խնդիրը գիտե՞ք՝ որն է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը չի ուզում վերցնել պատասխանատվություն, որովհետև անկախությունը պատասխանատվության զգացում է, պատասխանատվություն է պետության և ազգի նկատմամբ: Իսկ նրանք չեն ուզում պատասխանատվություն վերցնել և պատասխանատվությունը տալիս են ուրիշներին: Պատասխանատվությունը պետական անվտանգության ստեղծումն է, քաղաքացու բարեկեցությունը, և այլն:

Հայաստանի իշխանություններն իրենց ազատում են այդ պատասխանատվությունից և երկրի անվտանգությունը նվիրում են այլ պետության: Մաքիավելին մի հիանալի խոսք ունի, նա ասում է՝ «ունենալով դաշնակիցներ՝ հույսդ պետք է դնես քո վրա և չտաս քո անվտանգությունը դաշնակցին, որովհետև այդ դաշնակիցը վաղը կարող է փոխել իր դաշնակցին»: Եվ ամենացավալին այն է, որ հետագայում մեր պատմիչները, պատմագիրները, ովքեր գրեթե միշտ մերձիշխանական են լինում, այդ մարդկանց պատասխանատվության չեն կանչում:

Երբ կարդում ես մեր պատմությունը, «Հայաստանը հայտնվեց ռուսական սալի և թուրքական մուրճի արանքում», այսինքն՝ նրանք էին մեղավորը, մեղավոր էին Բյուզանդիան, Պարսկաստանըգ բայց հայ իշխանները, հայկական վերնախավը բացարձակապես մեղավոր չեն եղել: Ես չարագուշակություն չեմ ուզում անել, բայց եթե վաղը Ղարաբաղի հարցում բացասական զարգացումներ լինեն, ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպես պետք է մեր պատմագիրները բացատրեն այդ անհաջողությունը: Որևէ մեկը պատասխանատվություն չի վերցնելու. մեղավոր էին ռուսները, որ դաշինք կնքեցին թուրքերի հետ:

Հիշենք Իսահակյանի և Թումանյանի նամակագրությունը, երբ ասում էր՝ այսքան կործանումներից հետո որևէ քաղաքական գործիչ չեղավ, որ ինքնասպանություն գործեր և պատասխանատվություն վերցներ իր վրա: Այս նույն վիճակն է:

– Իշխանությունն ու ոչ իշխանականները ԵՏՄ-ին միանալու որոշումը բացատրում են ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով, և անընդհատ հնչում է այն միտքը, որ այլընտրանք չկար: Եթե այլընտրանք չկա, չի՞ նշանակում, որ պետություն էլ չկա:

– Այսպես ասեմ՝ ցանկացած ժամանակ և՛ անձը, և՛ պետությունն ունեն ընտրության հնարավորություն, և «hեշտ» ճանապարհով գնալն ամենևին ընտրություն չէ. դա ուղղակի հոսանքով գնալն է: Վերջերս, երբ քննարկումներ էին գնում Միկոյանի արձանի հետ կապված, Միկոյանի արձանը դնելու բազմաթիվ կողմնակիցները Միկոյանի չարագործությունների մասին ասում էին՝ ժամանակներն էին այդպիսին, և այլ ձևով հնարավոր չէր: Իսկ չկայի՞ն արդյոք այն ժամանակ մարդիկ, որ այլ ընտրություն կատարեցին:

Եվ որքան էլ ասեն՝ այլընտրանք չկա, դրանք պարզապես խոսքեր են՝ իրենց ընտրությունն արդարացնելու համար: Պետությունը միշտ էլ ընտրություն ունի, և ես համոզված եմ՝ եթե Հայաստանի իշխանությունները և քաղաքական վերնախավն ունենային կամք, պատասխանատվության զգացում, ապա Հայաստանը կարող էր զերծ մնալ ԵՏՄ անդամակցումից: Կուզեի ավելացնել, որ շատ հետաքրքիր միտք արտահայտեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ ասելով, որ եթե ԵՏՄ պայմանագրին դեմ քվեարկեին 50-60 պատգամավոր, Հայաստանը մանևրելու ավելի մեծ հնարավորություն կունենար:

Շատ հետաքրքիր միտք է, բայց այդպիսի քվեարկություն կարող էր լինել այնպիսի երկրում, որտեղ կա այն մտածողությունը, ինչի մասին ես ասացի: Եվ եթե պետությունն իսկապես ստիպված է անդամակցել այդպիսի միությանը, ապա այդ ժամանակ քաղաքական վերնախավն այդպիսի քվեարկություն կաներ: Բայց Հայաստանում այդ նույն ուժերը՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական, մտածում են ոչ թե ազգային, պետական շահի մասին, այլ վախենում են, որ հանկարծ Ռուսաստանը չմտածի, որ իրենք հակառուս ենք: Այստեղ մրցակցություն է գնում Ռուսաստանին ավելի հաճոյանալու շուրջ՝ մի կողմ դնելով ազգային և պետական շահը:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ ԵՏՄ-ի դեմ հասարակական լայն ընդվզում չեղավ: Ժամանա՞կը չէ, թե՞ մարդկանց համար պարզապես հասկանալի չի այս խնդիրը:

– Ես դա հետևյալ ձևով կբացատրեի. եթե Հայաստանի իշխանությունները և քաղաքական վերնախավն այս 20 տարիների ընթացքում ունենային իսկապես պետական մտածողություն, և նրանց նպատակը լիներ Հայաստանի զարգացումը, ապա հասարակության մտածողությունը փոխված կլիներ, կփոխվեր այն հոգեբանությունը, որը ձևավորվել էր խորհրդային տարիներին: Օրինակ, մենք դպրոցում սովորում էինք այսպես, որ 1828 թ. Արևելյան Հայաստանն ազատագրվեց:

«Ազատագրվել» ասելով՝ մենք հասկանում ենք, որ Հայաստանը դարձել է անկախ պետություն, բայց ազատագրում համարում էին այն, որ Արևելյան Հայաստանը Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Պարսկաստանի կազմից մտավ Ռուսաստանի կազմ: Այս 20 տարիների ընթացքում այդ մտածողությունը չփոխվեց: Ես կասեմ ավելին՝ այս նույն տարիների ընթացքում, առանց որևէ գաղափարական բանավեճի, հեռուստատեսությամբ ցուցադրվում էին «Զանգեզուր», «Նվագախմբի տղաները» ֆիլմերը, որոնք անկախության դեմ ֆիլմեր են:

Մի կողմից՝ այդ քարոզչությունը, մյուս կողմից՝ իշխանությունների կոռումպացված լինելը, սուրիկխաչատրյանների, մանվելգրիգորյանների իշխանությունը հասարակությանն ընդհանուր հուսահատության է հասցրել: 1997-98 թթ. այդ նույն ժողովուրդն անկախ պետության մեջ հանկարծ ստորագրություններ հավաքեց Ռուսաստանի և Բելառուսի միությանը միանալու համար: Անկախ պետության մեջ որևէ մեկի մտքով չէր անցնի գրել այնպիսի նամակ, որ Զորի Բալայանը գրեց Պուտինին: Ահա այսպիսի հասարակություն ձևավորվեց այս 20 տարիների ընթացքում: Պետրոս Գետադարձը, որ Բագրատունյաց թագավորությունը վաճառեց Բյուզանդիային, այսօր դպրոցական դասագրքերում որպես սուրբ է ներկայացված: Այս հոգեբանությունն է տիրում Հայաստանում:

– Ուրեմն՝ այնքա՞ն էլ հիմնազուրկ չէր Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումը, որ Հայաստանում ԵՏՄ-ին դեմ են ընդամենը «երկու-երեք տասնյակ անհատներ»:

– Պատասխանելով ձեր հարցին՝ հիշեցնեմ, որ «ազգային կոնգրես» գաղափարը եկել է Գանդիի ստեղծած Հնդկական ազգային կոնգրեսից: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը, վերցնելով այդ գաղափարը, հիմնեց Հայ ազգային կոնգրեսը: Դրա համար կուզենայի հիշեցնել Գանդիի խոսքերը, որ՝ «եթե նույնիսկ դուք փոքրամասնություն եք, ճշմարտությունը մնում է ճշմարտություն», երկրորդը՝ «սկզբում ձեզ կանտեսեն, հետո ձեզ վրա կծիծաղեն, հետո ձեր դեմ կկռվեն: Վերջում դուք կհաղթեք»:

Տեսանյութեր

Լրահոս