Ադրբեջանն ամեն օր փորձում է խանգարել Հայաստանի՝ ԵՏՄ-ի մեջ մտնելուն. Հայկ Բաբուխանյան
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ղարաբաղյան գործընթացում ի՞նչ զարգացումներ կարելի ակնկալել: Այսօրվա ասուլիսի ժամանակ` պատասխանելով այս հարցին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ինչքան ավելի հզոր լինի Հայաստանի տնտեսությունը և քաղաքականությունը, այնքան ավելի հեշտությամբ առաջընթաց կունենանք Ղարաբաղյան հարցում.
«Ինչքան ավելի մենք կզարգացնենք մեր տնտեսությունը, ինչքան ավելի կուժեղանա մեր բյուջեն, այնքան ավելի մեր դիրքերը կլինեն ամուր: Բնականաբար, ԵՏՄ-ի մեջ մտնելով՝ մենք էլ ավելի սերտացնում ենք մեր հարաբերությունները մեր դաշնակից Ռուսաստանի հետ, և դա նույնպես մեր անվտանգության երաշխիքներից մեկն է, այնպես որ` միանշանակ մեր դիրքերը կուժեղանան, և դա դրականորեն կազդի Լեռնային Ղարաբաղի հանարպետության շուրջ բանակցային գործընթացի վրա»:
Հարցին՝ Ադրբեջանի կողմից անհանգստություն չե՞ք նկատում այդ առումով, Հ.Բաբուխանյանն այսպես պատասխանեց.
«Ակնհայտ է որ Ադրբեջանն ամեն օր փորձում է խանգարել Հայաստանի՝ ԵՏՄ-ի մեջ մտնելուն, և դա ապացույցն է, որ մենք շատ ճիշտ ճանապարհով ենք գնում, Ադրբեջանի բոլոր մակարդակներում բոլոր պետական պաշտոնյաները փորձում են խոչընդոտներ հարուցել ԵՏՄ-ի մեջ Հայաստանի ներգրավելու համար: Բայց պետք է ուրախությամբ ասեմ, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվել և չի էլ ստացվի, նրանք դատապարտված են անհաջողության, որովհետև մեր գործը արդար է, իսկ նրանցը՝ անարդար»: