
ԵՏՄ-ն ու Ուզբեկստանը կարող են ստեղծել ազատ առևտրի գոտի. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը խորհրդակցություններ է անցկացնելու Ուզբեկստանի հետ, որոնց ժամանակ քննարկվելու է ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ անցկացնելու հարցը:
Այս մասին Տաշքենդում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Մենք պայմանավորվել ենք, որ խորհրդակցություններ ենք սկսելու ազատ առևտրի գոտու շուրջ ԵՏՄ-ի ու Ուզբեկստանի միջև պայմանագրի հնարավոր ստորագրման կապակցությամբ»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Ուզբեկստանն այսօր համաձայնագիր են ստորագել փոխադարձ ֆինանսական պարտավորությունների մասին, ըստ որի՝ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ուզբեկստանի 865 միլիոն դոլար պարտքը: