
Ռուսաստանից Թուրքիա նոր գազատարի երթուղին կհստակեցվի այս տարի. Նովակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել դեկտեմբերին՝ քննարկելու համար նոր գազատարի կառուցման հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նա ընդգծել է, որ իրենք պետք է հստակեցնեն Ռուսաստանից Սև ծովի հատակով Թուրքիա նոր գազատարի երթուղու հարցը, կատարեն տարբեր հաշվարկներ, հստակեցնեն գազային հանգույցի գտնվելու վայրը.
«Կան մի շարք տարբերակներ, ինչի համար էլ առաջին հերթին անհրաժեշտ է վերլուծության ենթարկել տեխնիկա-տնտեսալան բոլոր ցուցանիշները: Ներկայումս տվյալ գործընթացով զբաղվում են «Գազպրոմը» և «Բոթաշը»: Այդ ամենը հաշվարկվում է: Սև ծովի հատակով գազատար անցկացնելու ծախսերը կախված կլինեն երթուղու հեռավորությունից»:
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը չէր բացառել, որ գազային հարցերի շուրջ բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ: Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն Վրաստանի կառավարությանը խորհուրդ է տվել դիմել Ռուսաստանին ու Թուրքիան՝ գազատարը երկրի տարածքով կառուցելու համար: