Մոսկովյան դատարանը 4 ամսով երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը 4 ամսով երկարաձգել է գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը, որին մեղադրում են «Բաշժնեֆտի» բաժնետոմսերը հափշտակելուն մասնակցելու մեջ:
Այդպիսով, Հայրապետյանը տնային կալանքի մեջ կգտնվի մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը: Համապատասխան որոշումն ընթերցել է դատավոր Արտուր Կարպովը. «Դիտարկելով կողմերի փաստարկները՝ դատարանը վճռեց բավարարել ամբաստանյալ Հայրապետյանի դեմ խափանման միջոցի երկարաձգման մասին քննիչի միջնորդությունը»:
Դատարանում հայտնի է դարձել, որ տվյալ գործով հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թվականի ապրիլի 28-ը: Լևոն Հայրապետյանի փաստաբանը կարծում է, որ Հայրապետյանի գործը պետք է դադարեցվի վաղեմության ժամկետի լրանալու ու համաներման կապակցությամբ:
Փաստաբանի խոսքերով՝ Հայրապետյանին մեղադրում են հանցանքի մեջ, որը 2003 թվականին գործել է «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը, և որը հետաքննվել է 2010 թվականին և դադարեցվել է վաղեմության ժամկետի լրանալու կապակցությամբ. «Անգամ եթե ենթադրենք, որ Հայրապետյանը մեղավոր է, ապա նա ենթակա է համաներման»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Հայրապետյանն այսօր չի ներկայացել դատարան, քանի որ նրան հոսպիտալացրել են: