Լուրջ մարդիկ լուրջ սպասելիքներ եռյակից ունենալ չեն կարող. Պարույր Հայրիկյան

Կարևորագույ ն հարցում ոչ իշխանական եռյակը միասնականություն չունի, հետևաբար լուրջ մարդիկ լուրջ սպասելիքներ եռյակից ունենալ չեն կարող: Այս կարծիքին է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ կարևորագույն հարցը մարդու իրավունքների, ինքնիշխանության, ազատութան, օրինականության հարցն է:

Ըստ նրա՝ եթե այդ հարցում չկա միասնականություն, ապա մյուս բոլոր հարցերում միասնականության առկայությունը անիմաստ է:
Ըստ Պ.Հայրիկյանի՝ շատ է տարածված, որ ասում են՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը ԵՏՄ-ին կողմ են.

«Այդ ասողներին ասեք՝ դուք սրիկա եք, որովեհտև երբ Հայաստանում կար քաղաքական ուժ, այդ բոլորը չկային, այդ քաղաքական ուժը ԱԻՄ-ն էր: Եթե ես անգամ մենակ լինեմ, անգամ այդ դեպքում պետք է պարկեշտ լինեին ասելու՝ բացի ԱԻՄ-ից, կարող եմ ասել նաև՝ բացի «Ժառանգությունից» և ԱԻՄ-ից, բոլոր ուժերը կողմ են ԵՏՄ-ին»:

Ասուլիսի ընթացքում Պ.Հայրիկյանը քիչ խոսեց եռյակի մասին՝ նշելով, որ նրանք արժանի չեն, որ ինքը նրանց մասին շատ խոսի. «Քիչ խոսեցի նրանց մասին, որովհետև նրանց մասին խոսել չարժի՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ ՀԱԿ-ի, ո՛չ «Բարգավաճ Հայաստանի», ո՛չ էլ նրանց միացած այն մանր-մունր կուսակցությունների մասին: Եթե նրանք Հայաստանին դեմ են, նրանց մասին ես ինչո՞ւ պետք է խոսեմ»

Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ այն, որ նրանց միտինգներին ավելի շատ մարդիկ են լինում, դա ինչո՞վ կբացատրեք, ԱԻՄ առաջնորդը բերեց հետևյալ օրինակը.

«Ես մի հարսանիքի էի ներկա, որին մասնակցում էր 20 հոգի, այդ ընտանիքը հիմա 5 երեխա ունի, երջանիկ ապրում է, և ներկա էի մեկ այլ հարսանիքի, որին ներկա էր մոտ 2000 հոգի, 2 տարի հետո այդ հարսանիքից ոչինչ չմնաց: Այս մեկին հավաքվել էին փողատերերը, փողով էին հրավիրված, իսկ մյուսին սիրով էին հավաքվել»:

168.am-ի դիտարկմանը՝ նշեցիք, որ կարևորագույն հարցում եռյակը չունի միասնականություն, բայց եռյակի անդամները նշում են, որ իրենք արտաքին վեկտորի հետ կապված խնդիր չունեն օրակարգում, Պ.Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Ուրեմն զրո է: Եթե ասում են, որ արտաքին քաղաքականության հարցերի մասին չենք խոսում, դա հավասար է նրան, որ դուք ասեք՝ ես ոչ մեկի հետ հարաբերվել չեմ ուզում: Եթե դուք որևէ մեկի հետ չեք հարաբերվում, դուք արդեն չկաք: Այդ մարդիկ իրենք ասում են՝ մենք չկանք, արժի՞ իրենց մասին խոսել»:

ԱԻՄ առաջնորդը նշեց նաև, որ այսօրվա իշխանությունները չկան, նրանք արդեն Ռուսաստանի մաս են կազմում, եռյակի անդամներն էլ ասում են՝ մենք էլ ենք ուզում. «Չլինելու համար պայքարող մարդու մասին ես ինչո՞ւ պետք է խոսեմ»:

Տեսանյութեր

Լրահոս