Դևիդ Քեմերոնն աջակցություն է հայտնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետներ Դևիդ Քեմերոնն ու Ահմեթ Դավութօղլուն Անկարայում 1.5 ժամ քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:
Դավութօղլուն ընդգծել է, որ իրենք թույլ չեն տալու, որ օտարազգի, այդ թվում նաև բրիտանացի վարձկանները Թուրքիայի տարածքով անցնեն Սիրիա և Իրաք՝ համալրելու համար «Իսլամական պետության» շարքերը: Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Մեծ Բրիտանիան դաշնակից երկրներ են, և Քեմերոնի այցը կնպաստի երկու երկրների լայնամասշտաբ համագործակցության զարգացմանը:
Դավութօղլուի խոսքերով՝ ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 15 միլիարդ դոլար, ինչը պլանավորված է հասցնել մինչև 19 միլիարդ դոլարի: Դավութօղլուն հավելել է, որ վերջին 12 տարում Թուրքիայում կատարված բրիտանական ներդրումների ծավալը հասել է 7.5 միլիարդ դոլարի:
Անդրադառնալով Սիրիայի խնդրին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում ապաստան է գտել մոտ 2 միլիոն սիրիացի փախստական, որոնցից 1.6 միլիոնը երկրում հայտնվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի, իսկ մոտ 400.000-ը՝ «Իսլամական պետության» պատճառով. «Սիրիացի փախստականների կարիքների համար ցայժմ բյուջեից ծախսվել է 5 միլիարդ դոլար»:
Քեմերոնն իր հերթին հայտարարել է, որ ամուր աջակցում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Դավութօղլուն ու Քեմերոնը քննարկել են նաև Կիպրոսի ու PKK-ի հարցերը: