Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել զգույշ լինել Հարավ-Չինական ծովի մասին իր հայտարարություններում
China Daily-ի փոխանցմամբ՝ Չինաստանը հերքել է Հարավ-Չինական ծովի տարածքային ջրերի սահմանազատման ժամանակ միջազգային իրավունքի նորմերը խախտելու վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները:
Չինաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Խուն Լեյն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ սուր է արձագանքել ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Ծովային սահմաններ – Չինաստան. ծովային հավակնությունները Հարավ-չինական ծովում» զեկույցի հրապարակմանը.
«Զեկույցում անտեսվել են միջազգային իրավական բազային սկզբունքներն ու փաստերը: ԱՄՆ-ը խախտել է Հարավ-Չինական ծովի տարածքային վեճերի կարգավորման հարցերում չեզոքություն պահպանելու մասին ստանձնած պարտավորությունը: Այդ քայլը մենք գնահատում ենք հակաարդյունավետ:
Այն ընդհանրապես չի նպաստում Հարավ-Չինական ծովի ջրերում կայունության ու խաղաղության պահպանմանը: Չինաստանի կառավարությունը հետևողականորեն ապացուցել է վիճելի տարածքների սահմաններում Չինաստանի ինքնիշխանությունն ու իրավունքները:
Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին, խոսել ու գործել զգուշավորությամբ՝ օբյեկտիվորեն գնահատելով այդ հարցում ստեղծված իրավիճակը»: