Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ընդլայնել գազատարների ցանցը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունաստանն ու Թուրքիան նպատակ են դրել զարգացնել էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը, ինչը հատկապես պետք է արվի գազատարների ցանցի կառուցման ու ընդլայնման հաշվին:
Այս մասին նշված է Թուրք-հունական համագործակցության բարձր խորհրդի 3-րդ նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում: Փաստաթղթում նշված է, որ Հունաստանն ու Թուրքիան ունեն այդպիսի համագործակցության նախադեպ. 2007 թվականի հոկտեմբերին նրանք հաջողությամբ իրագործել են ITGI (թուրք-հունական) գազատարի նախագիծը, ինչը ճանապարհ հարթեց ավելի սերտ համագործակցության համար.
«Անդրանատոլիական (TANAP) ու Անդրադրիատիկ (TAP) գազատարները կապված են միմյանց հետ, և անկասկած է, որ իրենց արժեքի տեսանկյունից հանդիսանում են առավել արդյունավետ` Կասպյան տարածաշրջանի գազը (2020 թվականից հետո) Արևմտյան Եվրոպա հասցնելու համար»:
Հունաստանի փոխվարչապետ ու արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ Հունաստանը շատ մեծ նշանակություն է տալիս TAP գազատարին ու հարավային էներգետիկ միջանցքի ստեղծմանը, ինչը հավելյալ բացառիկ կարևորություն է ստանում «Հարավային հոսք» գազատարի նախագծի շուրջ վերջին իրադարձություններից հետո: