ԵՄ-ն իր գազի փականը նվիրեց Թուրքիային, որը կարող է դա օգտագործել նրա հետ երկխոսությունում. Միլլեր
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվելը, հայտարարել է, որ ԵՄ-ը Եվրոպայի համար գազային կափույրը նվիրեց Թուրքիային.
«Ներկայումս Բուլղարիայի տարածքով 18 միլիարդ խորանարդ մետր գազ է փոխադրվում Թուրքիայի, Մակեդոնիայի ու Հունաստանի ուղղությամբ: Թուրքիայի ուղղությամբ ծովային գազատարի նախագծի իրագործումից հետո այդ բոլոր ծավալները կանցնեն Թուրքիայի, և ոչ թե Բուլղարիայի տարածքով:
ԵՄ-ը, Եվրոպական հանձնաժողովը պարզապես Թուրքիային նվիրեցին գազային փականը: Կարծում եմ, որ Թուրքիան կարող է օգտվել դրանից Եվրոպայի հետ իր երկխոսությունում: Իսկ մենք գազային բիզնեսում ստացանք ռազմավարական գործընկերոջ: Թուրքիան շատ դինամիկ զարգացող գազային շուկա է: 2014 թվականի արդյունքներով նա մեր մատակարարումների ծավալով 3-րդ տեղից դուրս է գալիս 2-րդ տեղ:
Թուրքիան վերածվում է տարանցիկ երկրի, ընդ որում` խոշորագույն: Նրա տարածքով ` կփոխադրվի ավելի քան 50 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, և անկասկած է, որ դա կբարձրացնի տարածաշրջանում Թուրքիայի աշխարհաքաղաքական կարգավիճակը: Թուրքիան փաստացիորեն վերածվում է այնպիսի բաշխիչ կենտրոնի, ինչպիսին որ Եվրոպայի հյուսիսում Գերմանիան է»:
Միլլերն ընդգծել է, որ Ռուսաստանից Թուրքիա նոր գազատարի կառուցումը զրոյացնում է Ուկրաինայի դերը որպես տարանցիկ երկրի. «Ուկրաինայի փաստացի դերը` որպես տարանցիկ երկիր, զրոյացվում է: Մենք Ուկրաինային կապահովենք նրա ներքին սպառման համար անհրաժեշտ ծավալները»: