«Գազպրոմը» փոխում է գազի եվրոպական շուկայի հանդեպ ռազմավարությունը. Միլլեր
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Գազպրոմը» փոխում է գազի եվրոպական շուկայի հանդեպ ռազմավարությունը.
«Եվրոպական շուկայի հանդեպ մեր ռազմավարությունը փոփոխվում է: Սկզբունքորեն «Հարավային հոսքի» դադարեցման մասին որոշումը շուկայում աշխատելու մեր մոդելի ավարտի սկիզբն է: Այդ մոդելն առնչվում է վերջնական սպառողին գազ մատակարարելուն:
Սակայն եթե գնորդը չի ցանկանում, որ իր ապրանքը հասցնեն տուն, ապա այդ դեպքում թերևս պետք է հագնվել ու գնալ խանութներ, իսկ ձմռանը` հագնվել էլ ավելի տաք: Մեր դեպքում խանութը գազի հանձնման կետն է, առևտրային հարթակը: Նոր կանոնների համաձայն` եվրոպական շուկայի համար ռուսական գազի հանձնման առևտրային հարթակն ու նոր կետը Թուրքիայի ու Հունաստանի սահմանն է»:
Միլլերը հավելել է, որ «Հարավային հոսքի» դադարեցման հետևանքով Բուլղարիան կորցնում է 3 միլիարդ եվրոյի ներդրում ու տարեկան 18 միլիարդ խորանարդ մետր գազի տարանցումից եկամուտներ. «Եթե խոսենք Բուլղարիայի մասին, ապա անկասկած է, որ երկրի համար դա բարդ իրավիճակ է:
Ինչու, որովհետև առաջին հերթին դա ոչ միայն կորսված շահ է, այլև` ուղիղ կորուստներ: Բուլղարիայում չի ներդրվի ավելի քան 3 միլիարդ եվրո, չի ստեղծվելու ավելի քան 6000 աշխատատեղ»:
Միլլերի խոսքերով` «Գազպրոմը» ռուսական տարածքում «Հարավային հոսքի» ենթակառուցվածքների վրա ծախսել է 4 միլիարդ եվրո, և որ դրանք չեն եղել անտեղի, քանի որ նախ դրանք ծախսվել են «Հարավային միջանցքի» ստեղծման վրա` գազը Կրասնոդարի երկրամաս հասցնելու համար, և բացի այդ, տվյալ ներդրումներն ամբողջովին պահանջված են Թուրքիայի ուղղությամբ ծովային գազատարի նախագծի իրագործման համար: