Բաժիններ՝

Պաբլո Էսկոբար. Մոլորակի N 1 թմրաբարոնն ու հարեմի տիրակալը. newmag.am

Նրա գլխի համար ժամանակին խոստացվել էր հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենախոշոր գումարը:

1991 թվականի հունիսի 19-ին Մեդելինայի կոկաինային կարտելի ղեկավար Պաբլո էմիլյո էսկոբար Գավիրիան հանձնվեց կոլումբիական իշխանություններին: Հեռուստախցիկների առջև արցունքն աչքերին նա մի տեքստ կարդաց` հայտարարելով.

Ես միշտ էլ ձգտել եմ հասնել Կոլումբիայի բարեկեցությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:

Դրանից հետո էսկոբարը, որի կարողությունն այդ ժամանակ հասնում էր 10-12 մլրդ դոլարի, կարճ ժամանակ իր հանգիստն անցկացրեց 5-աստղանի հարմարավետ բանտում, որը ժամանակին ինքն էր կառուցել: Նա այդտեղից էլ ղեկավարում էր իր կայսրությունը: Բայց որքան էլ հարմարավետ լիներ բանտը, էսկոբարն ազատություն էր սիրում: Ու փախավ: Սակայն ազատությունը երկար չվայելեց: 1993 թ. դեկտեմբերի 2-ին` հենց իր ծննդյան օրը, գնդակահարվեց:

Ընդամենը 44 տարեկան էր: Պաբլո էսկոբարի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նրա գլխի համար ժամանակին խոստացվել էր հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենախոշոր գումարը` 10 մլն դոլար (Կոլումբիայի նախագահի 200 տարվա աշխատավարձը): Երբ իշխանությունները որոշեցին կրկնապատկել խոստացած պարգևը, էսկոբարին սպանեցին, ու ոչ ոք չստացավ գումարը: էսկոբարի անունը գրանցվել է ևս մեկ հեղինակավոր հրատարակությունում` «Ֆորբս» ամսագրում (այս պարբերականն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը): 1991թ. ցուցակում Պաբլո էսկոբարի անվան դիմաց նշված էր 34 կալվածք, 500 հազար հա հողատարածք: Իրեն պատկանող Խացիենդա ագարակում (Անտիգուա նահանգ) նա ստեղծել էր «Նապոլի» կալվածքը, որի կենդանաբանական այգում փղերի, առյուծների, վագրերի, ռնգեղջյուրների, գետաձիերի, ցլերի հետ պահվում էին հազվագյուտ կենդանիներ ու թռչուններ` սև կարապներ, ֆլամինգոներ, միասապատ ուղտեր, նույնիսկ… դինոզավրեր (ճիշտ է, նախապատմական այս արարածները միայն որպես քանդակ էին ներկայացված): Պարզապես գժվում էր շքեղ ու հատուկ պատվերով ստեղծված ավտոմեքենաների համար: Նրա ավտոտնակներում 40 հիասքանչ նմուշ կար: էսկոբարն իր «աշխատանքը կազմակերպելու», այսինքն` Կոլումբիայից կոկաինի հսկայական քանակություն դուրս հանելու, ԱՄՆ և աշխարհի ուրիշ երկրներ հասցնելու համար ամերիկյան ավիաընկերություններից գնել էր 727 ինքնաթիռ: Նա չէր հավակնում իր մեծ հայրենակցի` Գաբրիել Գարսիա Մարկեսի փառքին (ի դեպ, Մարկեսի հեղինակած «Թմրաբարոնի աշունը» գիրքը հենց Էսկոբարի մասին է), բայց ինքն էլ մանկական հեքիաթներ էր գրում ու կարդում գյուղի աղքատ երեխաների համար: Նրա եղբայր Ռոբերտոն բանտում եղած ժամանակ գրեց հուշերի մի գիրք` «Իմ եղբայր Պաբլոն», որում ասվում է.

«Իմ եղբոր երևակայությունը չափ ու սահման չուներ: Նա ամեն րոպե, ամեն ժամ հնարում, ստեղծագործում էր: Նա անիվների վրա տներ կառուցեց, մարդկանց բերեց-բնակեցրեց այդ տներում և այդ գյուղը տեղադրեց օդանավերի թռիչքուղու վրա, որտեղ օդանավերը վայրէջք էին կատարում կոկաին վերցնելու համար: Երբ օդանավերն իջնում էին, գյուղի տները հավաքում էին, հետո նորից բերում, իրենց տեղն էին դնում»:

Ինքնաթիռային ամեն մի թռիչք ամերիկյան թմրամոլներին հասցնում էր 15 տոննա կոկաին, իսկ Էսկոբարը հարստանում էր ևս 250 մլն դոլարով:

Մեդելինայի բնակիչների համար Էսկոբարն իսկական աստված էր: Եվ պատահական չէ, որ 1982 թ. մարտին Կոլումբիայի խորհրդարանի ընտրությունների ժամանակ Պաբլոյին պատգամավոր ընտրեցին: Նույն ժամանակ էլ պատվիրակության կազմում մեկնում է Վաշինգտոն (տղային էլ հետն է տանում): Սպիտակ տան տերերը` Ռեյգանը, ապա նաև Բուշ ավագը, նրան կապում են Պանամայի նախագահ Մանուել Նորյեգայի և նիկարագուական «կոնտրասի» հետ, որոնք մտնում են կոկաինային բիզնես: Ինչպես գրում է «Ակումբ-80» գրքի հեղինակ Ջեյմս Մենինգը` Պաբլո Էսկոբարի, Կառլոս Լեդերի, Խոսե Գաչայի և Օչոա ընտանիքի համատեղ գործունեության հետևանք էր «Մեդելինյան կարտելի» ստեղծումը, որը 1981-92 թթ. վերահսկում էր Կոլումբիայում կոկաինի արտադրությամբ զբաղվող լաբորատորիաների ուղիղ կեսը:

Կոլումբիայի խորհրդարանի անդամ Պաբլո էմիլիո էսկոբար Գավիրիան 1983 թվականին արդարադատության նախարար Ռոդրիգո Լարո Բոնիլյեին 24 ժամ տվեց ապացուցելու համար մեղադրանքը, թե ինքը` Էսկոբարը, իսկապես զբաղվում է թմրանյութերի առք ու վաճառքով: Քաղաքական գործիչ դարձած թմրաբարոնը սպառնում էր իրեն զրպարտելու համար դատի տալ նախարարին, եթե նա չապացուցեր էսկոբարի մեղքը:

Բելիսարիոն շուտով սպանվեց Բոգոտայի փողոցներից մեկում իր կողքով անցնող ավտոմեքենայից արձակված գնդակներից: Նույն բախտին կարող էր արժանանալ Բելիսարիոյի հաջորդը` Էնրիկո Պարեխոն, որն ստիպված լքեց երկիրը և սկսեց ապաստան փնտրել օտար ափերում` հասնելով նույնիսկ Հունգարիա: Այստեղ էլ կրակեցին նրա վրա: Ճիշտ է, մահափորձը չհաջողվեց, բայց նա ստիպված էր խուլ ընդհատակ անցնել: 1989 թ. օգոստոսի 18-ին Կոլումբիայի նախագահ Լուիս Կառլոս Գալանը, որին ուղեկցում էին 18 զինված թիկնապահներ, սպանվեց Սոաչայի քաղաքապետարանի գլխավոր հրապարակում` նախագահական նստավայրից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Իր նպատակներին հասնելու, հակառակորդներին վերացնելու և բացարձակ ազատության հասնելու համար Պաբլո էսկոբարը ոչնչի առջև կանգ չէր առնում: Նրա հրամանով պայթեցվեց մարդատար օդանավը, որով թռչում էր Կոլումբիայի նախագահի թեկնածու Անդրես Պաստրանան: Ապագա նախագահի հետ զոհվեց 106 մարդ:

1988-ից մինչև 1994 թվականները մաֆիայի դեմ պայքարի ժամանակ Կոլումբիայում իրականացվել է 25.211 քաղաքական և 31.385 այսպես ասած «սովորական», ոչ քաղաքական սպանություն: Կոլումբիական իշխանությունները կարծում են, որ այդ սպանություններից մոտ 4 հազարն իրականացվել են էսկոբարի պատվերով: Մեդելինայի փոքրիկ տղաները 500 դոլար էին ստանում 1 ոստիկան սպանելու համար: Կար ժամանակ, երբ էսկոբարի ծննդավայր Մեդելինան Կոլումբիայի ամենածաղկուն և ամենախաղաղ քաղաքն էր: էսկոբարի հզորանալուց հետո ամեն ինչ փոխվեց:

«Այժմ այնտեղ ամենամեծ տոկոսն են կազմում պատվիրված սպանությունները և սա` շնորհիվ պարոն էսկոբարի, որի գործունեությունը հասցրեց նրան, որ մարդկային կյանքն սկսեց փոխանակվել փողի և իշխանության հետ»,- գրեցին կոլումբիական թերթերը 1980-ականների սկզբներին:

Պաբլոն ամերիկյան կամ այլ երկրների թերթեր չէր կարդում այն պարզ պատճառով, որ ոչ մի օտար լեզու չգիտեր, բայց Կոլումբիայում լույս տեսնող թերթերն ուշադիր ուսումնասիրում էր: Եվ շատ հաճախ ժուռնալիստներ ու խմբագիրներ էին սպանվում, փակվում էին խմբագրություններ: Պաբլո էսկոբարն իր իշխանությունն ամրապնդելու համար շատ հաճախ էր ահաբեկչական գործողություններ իրականացնում: Ահաբեկչությունը նրա համար դարձավ միջոց ու նպատակ: Երկիրը վերածվեց զինված ճամբարի: Դա մի ժամանակահատված էր, երբ համընդհանուր վախի զգացում էր տիրում: Ոչ ոք չէր կարող գուշակել, թե որտեղ ու երբ կպայթի հերթական ռումբը: Պատահում էր, որ մեկ օրում մի քանի պայթյուն էր գրանցվում: Հասարակությունն իշխանությանը կոչ էր անում քայլեր ձեռնարկել այս ամենին վերջ դնելու համար: Բայց իշխանությունը լռում էր: Անկարող էր: Էսկոբարը շատ փող ուներ, անչափ շատ փող: Իսկ դա իրական ու հզոր իշխանություն էր 33 մլն աղքատ բնակիչ ունեցող Կոլումբիայում: Թմրաբարոնի կարողությունը 80-ականների վերջին ամենահամեստ հաշվումներով հասնում էր 10-12 մլրդ դոլարի: Իսկ ո՞ւր էին գնում այդ փողերը:

Իհարկե, կոկաինի առևտրի նորանոր շուկաներ գտնելու համար էին ծախսվում դրանք: Չէ՞ որ գործի մեջ եղած փողն է նոր, ավելի շատ փող բերում: Բայց գեղեցկատես Պաբլոն իրեն չէր զրկում նաև հաճույքներից: Երբ կոլումբիական իշխանություններն ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ ու անմիջական մասնակցությամբ, ի վերջո, կարողացան լուծել «Էսկոբարի հարցը», առգրավվեց նրան պատկանող 989 տուն ու ագարակ, 367 օդանավ, 73 նավակ, 710 ավտոմեքենա, 4,7 տոննա կոկաին և 1279 միավոր հրազեն:

Հեղինակ` Սերգեյ Գալոյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ newmag.am-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս