Բելառուսը պլանավորել է 2018 թվականին էլեկտրաէներգիա ներկրողից վերածվել արտահանողի
Բելառուսական Belta լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսը պլանավորում է 2018 թվականից հրաժարվել էլեկտրաէներգիա ներկրելուց: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Մալաշենկոն:
Նա մանրամասնել է, որ դա կապված է լինելու ատոմակայանի շահագործման հանձնման հետ: Մալաշենկոյի խոսքերով` ատոմակայանում արտադրվելիք մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է էականորեն ցածր` համեմատած ներկայումս մշակվող էլեկտրաէներգիայի մատակարարման հետ:
Մալաշենկոն հավելել է, որ ատոմակայանի գործարկումից հետո կարելի կլինի էլեկտրաէներգիա մատակարարել մերձակա ու հեռավոր երկրներին: Բելառուսը նախնական առումով պլանավորում է 2015 թվականին ներկրել մոտ 2.5 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Հանրապետությունն ամեն տարի նվազեցնում է էլեկտրաէներգիայի ներկրումը: 2014 թվականին ներկրված ծավալը գրեթե կրկնակի պակաս է` համեմատած 2012 թվականի ցուցանիշի հետ:
Բելառուսական ատոմակայանն ունենալու է երկու էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ` ընդհանուր 2400 մեգավատտ: Պլանավորված է առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2018 թվականին, իսկ երկրորդը` 2020 թվականին: