Լևոն Զուրաբյանը ցուցո՞ւմ է ստացել, թե՞ քվեարկել է համոզմունքով
ՀԱԿ խմբակցությունը ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր կողմ քվեարկեց Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության մասին պայմանագրին: Ավելին՝ նա ելույթ ունեցավ հօգուտ այդ պայմանագրի և իր կողմից ղեկավարվող խմբակցության անունից հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու պայմանագրին: «Խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Բայց ահա թե ինչ է ասել նույն Լևոն Զուրաբյանը ընդամենը մեկ տարի առաջ: 2013թ. սեպտեմբերի 6-ին, Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի ՄՄ մտնելու հայտնի հայտարարությունից ընդամենը երեք օր անց, իր մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի այն հայտարարությանը, որով նա ողջունել էր Սերժ Սարգսյանի Հայաստանի ՄՄ և ԵՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարությանը, Լևոն Զուրաբյանը ասել էր.
«Այսօր եթե ինչ-որ մեկը կատեգորիկ ձևով ասում է, որ այս պայմանագիրը, համաձայնագիրը ճիշտ է` ինձ համար արդեն կասկածելի է, որովհետև նշանակում է, որ այդ մարդը ղեկավարվում է ոչ թե վերլուծությամբ, ոչ թե ծանոթացել է այդ համաձայնագրի տեքստի հետ, ոչ թե հաշվարկել է դրանից բխող քաղաքական հետևանքները, այլ ինքը ունի ցուցում, ունի կանխակալ ինչ-որ ուղղվածություն և պատկերացում`այդ համաձայնագրի մասին: Դրա համար ինձ համար շատ կասկածել են և Մաքսային միության ջատագովները, և Եվրոասոցացման պայմանագրի: Եթե դու ծանրակշիռ, լուրջ քաղաքական ուժ ես, դու իրավունք չունեց նման անհիմն, չմտածված քայլերի և հայտարարությունների համար»:
Իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք իր խոսքից պետք է հասկանալ, որ Լյուդմիլա Սարգսյանը ցուցում է ստացել, կամ լուրջ քաղաքակն ուժ չէ, Լ. Զուրաբյանը ասել է. «Բացառություններ լինում են: Սարգսյանի արտահայտած կարծիքը բացառապես իր անձնական և իր կուսակցության կարծիքն է: Հիմա Լուդմիլա Սարգսյանը կարող է և անկեղծ արտահայտել իր դիրքորոշումը, ես վստահ եմ, որ անկեղծ է նման բան կարծում: Այդ կարծիքը որևէ կապ չունի ֆրակցիայի կարծիքի հետ: Ֆրակցիայի դիրքորոշումներն այլ են»: Նաև ավելացրել է. «Մենք ունենք մեր դիրքորոշումները, նաև համարում ենք սա նորմալ դեմոկրատական երևույթ, որ խմբակցության անդամը կարող է ունենալ դիրքորոշում, որը չի համընկնում մեծամասնությամբ ընդունած խմբակցության դիրքորոշման հետ»:
Այսօր Լևոն Զուրաբյանը քվեարկեց Լյուդմիլա Սարգսյանի նման. նրանք երկուսն էլ կողմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրին: Արդյոք Լևոն Զուրաբյանը ցուցո՞ւմ էր ստացել, թե՞ ՀԱԿ-ը այլևս լուրջ քաղաքական ուժ չէ: Չնայած հնարավոր է նաև երրորդ տարբերակը, որ Լևոն Զուրաբյանն էլ Լյուդմիլա Սարգսյանի նման կարող էր անկեղծ արտահայտել իր դիրքորոշումը: Ինչո՞ւ չէ՝ որ:
Այսօր մենք փորձեցինք ճշտել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքը՝ արդյո՞ք նա ևս անկեղծորեն է քվեարկել ԵՏՄ-ին միանալու պայմանագրին, և ինչպես է վերաբերվում այն մեղադրանքներին, որ 1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագիրը կարդացած մարդը չպետք է կողմ քվեարկեր Հայաստանը նոր ԽՍՀՄ կազմ վերադարձնելու պայմանագրին: Սակայն Արամ Մանուկյանը խիստ անտրամադիր էր, և հրաժարվեց պատասխանել այս հարցերին: