Սասուն Միքայելյան. Եթե Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության, ես իր հետ գնալու եմ
«Եթե Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության, ես իր հետ գնալու եմ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Սասուն ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը: Նա իր այս դիրքորոշումը պայմանավորում է զուտ գործող իշխանություններից ազատվելու հրամայականով:
Մյուս կողմից, սակայն, Սասուն Միքայելյանը կարծիք հայտնեց, որ Եռյակի ուժերից նույն «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը, կողմ արտահայտվելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ընդամենը Մոսկվայի «թագ» ստանալու խնդիր են ուզում լուծել:
«Իրենց արդեն չի հետաքրքրում` ուր է Հայաստանը գնում: Նրանք ուզում են թագաժառանգ դառնալ, էն որ ասում է` «корона российской империи», ո՞ւմ գլխին կդնեն ռուսական թագը, կմնա՞ Սերժ Սարգսյանի գլխին, թե՞ նրանցից որևէ մեկը կվերցնի: Ես տարբերություն չեմ տեսնում, որովհետև ես անկախության համար պայքարող մարտիկ եմ եղել, քաղաքացի, քաղբանտարկյալ, և այսօր ես մեծ վտանգ եմ տեսնում, որ մենք բռնել ենք այս ճանապարհը»,- նշեց հայտնի ազատամարտիկը:
Բարգավաճն ու Կոնգրեսը, ըստ Սասուն Միքայելյանի, գնում են ոչ թե իշխանափոխության, այլ իշխանափոխանցման, այսինքն` իշխանությունը փոխանցվում է Ռուսական կայսրության մեկ ուրիշ հավատացյալի. «Դուք ԱԺ քննարկումների ժամանակ տեսաք, որ իրենք կողմ էին ԵՏՄ մտնելու նախագծին, այսինքն` իրենք բոլորը ղեկավարվում են Ռուսաստանի կողմից: Ես ասել եմ` այս երեք նախագահները պետք է հեռանան: Եթե այս երեք նախագահները չհեռանան, այս երկիրը զարգացում չի ունենա»:
Սասուն Միքայելյանը «ռուսական թագի» հավակնորդների թվում նշեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Քոչարյանը միշտ էլ կապ է ունեցել ու կունենա, և ես երբեք չեմ հավատացել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տարբեր մարդիկ են: Մի մոռացեք, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել է ՀՀ նախագահ և ունի իր ձևավորած թիմը, որը դարան է մտել: Խոսքը վերաբերում է ոչ միայն «Բարգավաճ Հայաստանին»: Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության, ես իր հետ գնալու եմ: Գոնե իշխանափոխություն լինի: Այսօր այնպիսի իրավիճակ է, որ չարյաց փոքրագույնը պիտի ընտրես»:
Լրագրողները փորձեցին ճշտել` ուրեմն Դուք կկանգնե՞ք Եռյակի կողքին:
Ի պատասխան` ՍասունՄիքայելյանն ասաց. «Եռյակն ո՞վ է: Հլը Եռյակը թող իրար կողքի կանգնի, նոր… Մեզ միշտ քննադատում, ասում են` ինչի՞ չեք գալիս: Գանք` ի՞նչ անենք: Մենք` ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», ասում ենք` եթե դուք պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը, մենք միանալու ենք»: