Gangnam Style տեսահոլովակը հավաքել է YouTube-ի հաշվիչով նախատեսված առավելագույն թվով դիտումներ (տեսանյութ)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` հարավկոերացի կատարող PSY-ի Gangnam Style տեսահոլովակը հավաքել է YouTube-ի հաշվիչով նախատեսված առավելագույն թվով դիտումներ: Դրա հետ կապված` YouTube-ի ներկայացուցիչները ստիպված են եղել փոխել ծրագրային կոդը:
Այն բանից հետո, ինչ տեսահոլովակն ունեցել է 2.147.483.647 դիտում, հաշվիչը սկսել է սխալ թիվ ցույց տալ: YouTube-ի ներկայացուցիչները խոստովանել են, որ երբեք չեն կարծել, որ իրենց կայքում տեղ գտած որևէ տեսանյութ կունենա այդչափ դիտում:
Ներկայումս Gangnam Style-ն ամենահայտնի տեսանյութն է YouTube վիդեոհոսթինգում ու ողջ համացանցում: Այն համացանցում հայտնվել է 2012 թվականի հուլիսին ու դիտումների հարցում մեկ միլիարդի սահմանագիծը հաղթահարել է դրանից մոտ 7 ամիս անց:
Կես տարուց էլ պակաս ժամանակ անց այն արդեն ուներ 2 միլիարդ դիտում: Ներկա դրությամբ այն ունի 2.154.444.879 դիտում: Ի դեպ, PSY-ի Gentleman տեսահոլովակը, որը YouTube-ում հայտնվել է 2013 թվականի ապրիլին, ներկա դրությամբ ունի 763.022.159 դիտում: