Բաժիններ՝

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը կտրուկ նվազեցրել է 2015 թվականին տնտեսության զարգացման կանխատեսումը

RBC-ի փոխանցմամբ` Ռուսաստանի տնտեսությունը հաջորդ տարի անկում կապրի 0.8 տոկոսով: Նման կանխատեսմամբ երեկ հանդես է եկել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը: Հաջորդ տարի անկում է ապրելու ամեն բան` իրական աշխատավարձերը, առևտրի ու ներդրումների ծավալները:

Նախարարության նախկին կանխատեսման համաձայն` 2015 թվականին Ռուսաստանն ունենալու է 1.2 տոկոսանոց տնտեսական աճ, սակայն նախորդ շաբաթ նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցի ժամանակ չէր բացառել, որ կարիք կլինի ուղղումներ կատարել 2015 թվականի կանխատեսման մեջ:

Փորձագետներն ավելի իրատեսական են համարում նոր կանխատեսումը: Morgan Stanley-ի վերլուծաբանները կարծում են, որ հետագա երկու տարիները բավական բարդ կլինեն Ռուսաստանի տնտեսության համար. «Նախևառաջ մենք կարծում ենք, որ պատժամիջոցների ժամկետը կերկարաձգվի մինչև 2016 թվականի ավարտը, և ոչ թե կսկսեն վերացվել 2015 թվականի կեսից, ինչպես մենք հաշվարկում էինք ավելի վաղ:

Եվ երկրորդ` մենք ակնկալում ենք նաև, որ 2015 թվականի առաջին եռամսյակին ևս մեկ անգամ մինչև 10 տոկոս կաճի 50 հիմնական կետի առանցքային տոկոսադրույքը, և կկրճատվեն բյուջետային ծախսերը»:

Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը կարծում է, որ հաջորդ տարի Ռուսաստանում չի գրանցվի տնտեսական աճ, կգրանցվի զրոյական արդյունք. «Տնտեսությունը կհասնի հատակին` հազիվ խուսափելով լճացումից: Նավթի գնանկումը խաթարում է ներդրողների ու սպառողների վստահությունը:

Ուժի վերականգնումը կախված կլինի տնտեսության ճկունությունից ու երկրների հետ առևտուրը մեծացնելու նրա ունակություններից` չշոշափելով պատժամիջոցները»:

2015 թվականին ՀՆԱ-ի անկումը պայմանավորված է լինելու նավթի գնանկմամբ: Ավելի վաղ կառավարությունը 2015 թվականի բյուջեի կազմման հարցում հիմք է ընդունել մեկ բարել նավթի համար 100 դոլար գինը: Այժմ այդ գինը նվազեցվել է մինչև 80 դոլարի:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության նոր կանխատեսման համաձայն` հաջորդ տարի բնակչության եկամուտները կրճատվելու են 2.8 տոկոսով (ավելի վաղ ակնկալվում էր 0.4 տոկոսանոց աճ), իրական աշխատավարձը կրճատվելու է 3.9 տոկոսով (ավելի վաղ ակնկալվում էր 0.5 տոկոսանոց աճ):

Մանրածախ առևտրի շրջանառությունն անկում է ապրելու 3.8 տոկոսով (ավելի վաղ ակնկալվում էր 0.6 տոկոսանոց աճ). այն այս տարի աճել է 1.9 տոկոսով, իսկ բնակչության վճարովի ծառայությունների ծավալը կրճատվելու է 3.8 տոկոսով (ավելի վաղ ակնկալվում էր 0.6 տոկոսանոց աճ). այն այս տարի աճել է 1 տոկոսով:

Դրա հետ մեկտեղ հաջորդ տարի շարունակելու է աճել արդյունաբերությունը` 1.1 տոկոսով (ավելի վաղ ակնկալվում էր 1.6 տոկոսանոց աճ). այն այս տարի աճել է 2 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս