
ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է մակրոֆինանսական օգնության հաջորդ տրանշը: Խոսքը գնում է 500 միլիոն եվրոյի մասին: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան.
«Եվրահանձնաժողովն այսօր 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն է հատկացրել Ուկրաինային: Ուկրաինայի համար մակրոֆինանսական երկու ծրագրի համար արդեն իսկ հատկացվել է 860 միլիոն եվրո: Դա Ուկրաինային եվրոպական հավատարմության շատ կոնկրետ ազդանշան է և կօգնի կարգավորել ճգնաժամը»:
Ընդհանուր առմամբ ԵՄ-ը պլանավորել է Ուկրաինային հատկացնել 11 միլիարդ եվրո, որից 1.6 միլիարդ եվրոն վարկեր են, 1.4 միլիարդ եվրոն` դրամաշնորհներ, 5 միլիարդ եվրոն պետք է հատկացնի Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկը, իսկ մնացյալ 3 միլիարդ եվրոն` Եվրոպական ներդրումային բանկը: