
Էդմոն Մարուքյանը զգուշացնում է կառավարությանը. Հարյուրավոր աշխատողներ կդառնան գործազուրկ ու կբռնեն արտագաղթի ճանապարհը

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգմավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ շուտով դադարեցվելու է ավանդական հեռուստահեռարձակումը և հաջորդ տարի հուլիսից անցում է կատարվելու թվային հեռարձակման, որի հետևանքով 14 հեռուստաընկերություններ կփակվեն, հարյուրավոր աշխատողներ կդառնան գործազուրկ ու կբռնեն արտագաղթի ճանապարհը: Նա առաջարկեց հետաձգել վերջնաժամկետը:
«Ուղղակի մի քանի հարյուր մարդ մնալու է դրսում»,- ասաց նա:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ հեռարձակման լիցենզիան տրվում է մրցութային կարգով: Ըստ նրա՝ արդեն մի քանի անգամ փոփոխություններ կատարվել են և հետաձգվել է. «Համաձայն օրենքի՝ 2010թ. հուլիսից մինչև 2015 թ. հուլիս համարվում է անալոգայինի անցման ժամանակաշրջան: Գործընթացն ընթանում է փուլային եղանակով: Եթե տեսնենք, որ ծագում են հարցեր, բաց ենք քննարկման համար: Այս տարի նոյեմբերին փորձարկման շրջան է եղել թվային ազդանշանի, անցել է բավարար մակարդակով: Այս ամենը մենք հաշվի կառնենք»: