
Աշխարհի հոգևոր առաջնորդները միջազգային հանրությանը խնդրել են ստրկությունից ձերբազատվել մինչև 2020 թվականը

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ` աշխարհի կրոնների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` միջազգային հանրությանը խնդրելով մինչև 2020 թվականը ձերբազատվել ստրկությունից:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում իր գործընկերների հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ ժամանակակից ստրկությունը վնասում է ողջ մարդկությանը: Ֆրանցիսկոսը ստրկությունը որակել է որպես «ժանտախտ», որն առաջին հերթին շոշափում է աղքատ ու խոցելի մարդկանց:
Վատիկանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է 12 հոգևոր առաջնորդ, որոնք ներկայացնում են Երկրագնդի բնակչության 90 տոկոսը: Ձեռք բերված համաձայնագիրը դարձավ հազվադեպ համատեղ նախաձեռնություն սուննի ու շիա առաջնորդների համար, ինչպես նաև սոցիալական թեմայով առաջին պայմանավորվածություն, որը ձեռք բերվեց Հռոմի պապի ու անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոսի միջև:
Հաղորդվում է, որ համայն աշխարհում ստրկության մեջ է գտնվում 36 միլիոն մարդ, որոնք հիմնականում բաժին են ընկնում Աֆրիկայի երկրներին, Ռուսաստանին ու Հնդկաստանին: