Բացվել է Իրանը, Թուրքմենստանն ու Ղազախստանը միմյանց կապող «Հյուսիս-հարավ» երկաթուղային միջանցքը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի, Թուրքմենստանի ու Իրանի նախագահները բացել են երեք երկրների կողմից համատեղ կառուցված «Հյուսիս-Հարավ» երթուղու երկաթուղագիծը:

Այդ երեք երկրների նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ու Հասան Ռոուհանին հանդիպել են թուրքմենական Աքյայլա կայանում, ուր անցկացրել են բանակցություններ ու մասնակցել են երկաթուղու հանդիսավոր արարողությանը, ինչը հետագայում շարունակվել է Իրանում, ուր նախագահները հասել են VIP վագոնով` դրանով իսկ դառնալով նոր երթուղու առաջին ուղևորները:

Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը երեք երկրների առաջնորդների կողմից ստորագրվել է 2007 թվականին, իսկ բուն աշխատանքները մեկնարկել են 2009 թվականին: Երկաթուղու ամենաերկար մասը` 700 կիլոմետր, բաժին է ընկել Թուրքմենստանի տարածքին:

Նազարբաևը հայտարարել է, որ այս տարի 38 տոկոսով աճել է Ղազախստանի ապրանքաշրջանառությունը` կապված Պարսից ծոցի ուղղությամբ երկաթուղի կառուցելու հետ: Նազարբաևն ու Բերդիմուհամեդովն Աշգաբադում վարած բանակցությունների ժամանակ հայտարարել են, որ տրանսպորտային նոր միջանցքը հնարավորություն կտա առավել լիարժեք իրականացնել երկու երկրների տարանցիկ-տրանսպորտային պոտենցիալը:

Հասան Ռոուհանին իր հերթին հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» երկաթուղային նոր միջանցքի բացումը պատմական իրադարձություն է, որի նշանակություն դժվար է գնահատել: Նրա խոսքերով` երեք երկրները քաղաքական առումով անկախ են և ունեն պետական տարբեր կառուցվածք, սակայն դրա հետ մեկտեղ ունեն համատեղ պատմություն, մշակույթ ու կրոն:

Տեսանյութեր

Լրահոս