«Եռյակի հետ միանանք, որ ի՞նչ անենք, իրենք արդեն միացած են Հանրապետականների հետ». Պարույր Հայրիկյան
«Ամենակարևոր հարցում եռյակը չի տարբերվում Հայաստանի իշխանակիրներից: Նրանց հետ միանանք, որ ի՞նչ անենք, իրենք արդեն միացած են Հանրապետականների հետ, միասին թիմ են կազմում՝ ընդդեմ հայ ժողովրդի»- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հարցին՝ հնարավո՞ր է՝ իրենք միանան եռյակին:
168.am-ի հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ եռյակը չմիացավ Նիկոլ Փաշինյանի՝ Ս. Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնությանը այն դեպքում, որ այդ քայլով կարող էին ցույց տալ իրենց ընդդիմադիր լինելը, Պ.Հայրիկյանը պատասխանեց, որ գուցե Ն. Փաշինյանը պետք է փորձեր նրանց հետ համաձայնեցներ ինչ-որ բաներ հոգեբանորեն.
«Կամ՝ գուցե փորձել է՝ չի ստացվել, որովեհտև շատ հաճախ հարցերը հոգեբանական պատասխան են ստանում: Կարող է մարդն ինչ-որ նպատակի համաձայն լինի, բայց դու այնպես մատուցես, որ… Միայն բարձր մարդիկ են հոգեբանական նրբերանգներն արհամարում, ասում են՝ այս արժեքը կարևոր է: Ես Ն.Փաշինյանի քայլը դրական եմ համարում, ողջունում եմ, ինքը կատարում է իր պարտքը: Թե մյուսներն ինչու չմիացան, իրենք կարող են ասել»:
Հարցին էլ՝ տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը մյուս նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին է ուզում փոխարինել, ինչքանո՞վ եք սա իրատեսական համարում այս գնահատականները, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց.
«Իսկ ինչո՞ւ ոչ Սեդրակյանին, կամ մյուսներին, բոլորն էլ թեկնածու են եղել, չէ՞: Կարող է՝ ինձ էլ է ուզում փոխարինել: Ես դեմ չեմ, որ որևէ քաղաքական գործիչ որևէ մեկին փոխարինի, բայց որևէ մեկին փոխարինելու պարտք ու առաքելություն ինքը պետք է չունենա, ինքը իրենով է ներկայանում: Լսել եմ, որ ինքն այդպիսի հավակնություններ ունի, դրանում սարսափելի ոչինչ չեմ գտնում: Ես միայն կողմ կլինեմ, որ նոր քաղաքական ուժեր հասունանան և ասպարեզ գան»: