Պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստան-Թուրքիա դաշինքին պետք է շատ զգույշ վերաբերվել. Սարգիս Ասատրյան
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումների մասին՝ ասաց, թե Պուտինի այցը Թուրքիա կարելի է համարել պատմական իրադարձություն. «Ռուսաստանը հրաժարվեց, այսպես կոչված՝ Հարավային հոսքի ծրագրից և, ըստ էության, իր էներգետիկ ռեսուրսներն ուղղում է դեպի Թուրքիա: Այստեղ ստեղծվում է աշխարհաքաղաքական նոր ու հետաքրքիր իրողություն:
Ադրբեջանական լրատվամիջոցներում այս իրողությանը հակասական են արձագանքում. հիմնականում այն կարծիքն է հնչում, որ Թուրքիան իրենց ստրատեգիական դաշնակիցն է և եթե նրա կշիռը բարձրանում է, բնականաբար, իրենց էլ է դա ձեռնտու: Բայց որոշներն էլ հակված են մտածել, որ եթե Ռուսաստանը կարողացավ Թուրքիայի էներգետիկ շուկայում այդպսիսի մեծ դիրք գրավել, փաստորեն Ադրբեջանը դուրս է մնում շուկայից: Եվ ահա այստեղ ստեղծվում է մի հետաքրքիր իրավիճակ: Փաստորեն, Արևմուտքի որոշակի երկրներ այստեղ մնում են ձեռնունայն»,- ասաց նա:
Ադրբեջանագետը նշեց, որ կարծիքներ են հնչում, թե նոր աշխարհ է կառուցվում, Ռուսաստան-Թուրքիա տնտեսական նոր դաշինք է ձևավորվում ու փորձում են Ադրբեջանը ևս մտցնել այդ դաշինքի մեջ. «Դա արդեն ժամանակը ցույց կտա, դժվար է որոշակի կանխատեսումներ անել: Բայց այն, որ Ռուսաստանը բավական մեծ ներդրումներ է անում Թուրքիայում և մեծ դեր ունի Թուրքիայի էներգետիկ շուկայում, փաստ է: Կկարողանա՞ արդյոք Ադրբեջանն այս հարցում մրցակցել Ռուսաստանի հետ, դժվար է ասել, համենայնդեպս նա այն ծավալները չի կարող ապահովել, ինչ-որ ապահովում է Ռուսաստանը»:
Հարցին՝ Ռուսաստանն իր կշիռն ավելացնելով Թուրքիայում կարո՞ղ է հետագայում փորձի իր ազդեցությունն ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման գործում, նա պատասխանեց. «Պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստան-Թուրքիա դաշինքին պետք է շատ զգույշ վերաբերվել: Մենք պետք է շատ ուշադիր լինենք և վարենք ճկուն դիվանագիտություն: Իհարկե, ռուս-թուրքական մերձեցումը կբերի նրան, որ Ռուսաստանը փորձի հանդես գալ, որպես միջնորդ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև: Բայց այնպես էլ չէ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ամեն ինչ հարթ է:
Իհարկե, տնտեսական խոշոր գործարք են կնքում, որը երկու երկրներին էլ ձեռնտու է, բայց կան քաղաքական սուր կողմեր և չլուծված հարցեր, որոնք սեպ են խրում այդ հարաբերությունների մեջ: Օրինակ՝ Սիրիայի հարցը, երբ Ռուսաստանն ու Պուտինը հանդես են գալիս ի օժանդակություն Բաշար Ասադի, իսկ Էրդողանն իր հերթին հայտարարում է, որ Ասադը բռնակալ է և պետք է գնա: Այստեղ արդեն խոսում են երկու երկրների աշխարհաքաղաքական շահերը: Այսինքն՝ միանշանակ չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան վաղը կդառնան եղբայր պետություններ»: