Բաժիններ՝

Վրաստանը դժգոհ է, որ Թուրքիան նվազեցրել է Կուրի գետահոսքը

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի շրջակա միջավայրի պահպանման ազգային գործակալությունը, որը մշտապես դիտարկումներ է անցկացնում Կուր գետում, մի քանի օր առաջ Արևելյան Վրաստանում գրանցել է գետի ջրի մակարդակի անկում:

Դրա հետ կապված` գործակալության ղեկավար Էլգուջա Խոկրիշվիլին երկրի ԱԳՆ-ի միջոցով նամակ է հղել Թուրքիայի ջրային պաշարների ու անտառտնտեսության նախարար Վեյսել Էրօղլուին:

Գերատեսչությունն ընդգծել է, որ թուրքական կողմը պատասխան նամակում կիսել է Վրաստանի մտահոգությունը` հայտնելով, որ ներկայումս ընթանում է Քայաբեյի ջրամբարը ջրով լցնելու գործընթացը, որը գտնվում է վրացական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա (Արդահանի նահանգ), ինչն էլ առաջացրել է Կուր գետի ջրի մակարդակի անկում:

Թուրքական կողմը հայտնել է, որ երկրի մասնակոր ընկերություններից մեկը ժամանակին երկրի ԱԳՆ-ին չի իրազեկել այդ մասին, ինչի համար էլ վրացական կողմը ժամանակին չի իրազեկվել այդ մասին: Թուրքական կողմի պնդմամբ` Կուր գետի ջրի մակարդակը կվերականգնվի դեկտեմբերի կեսին:

Հիշեցնենք, որ 2011 թվականին հաղորդվել էր, թե Թուրքիան մտադիր է Կուր գետի վերին հոսանքի վրա (Արդահանի նահանգում) կառուցել Բեշիքքայա ջրամբարը՝ հիդրոէլեկտրակայանով, ինչի համար անհրաժեշտ է լինելու փոխել Կուր գետի հունը և այն թափվելու է ոչ թե Կասպից, այլ՝ Սև ծով:

Ի դեպ, Վրաստանը դժգոհ է նաև նրանից, որ Թուրքիան ամբարտակներ է կառուցում Ճորոխ գետի վրա: Դրա պատճառով Աջարիայի կառավարությունն ամեն տարի միլիոնավոր լարիներ է ծախսում Բաթումի և հարակից շրջաններում ափի ամրացման համար:

2011 թվականի ապրիլի սկզբին Վրաստանի Կանաչների կուսակցության ղեկավար Գիորգի Գաչեչիլաձեն հայտարարել էր, թե Վրաստանը տարածքներ է կորցնում Սև ծովի ափամերձ հատվածում.

«Տարածքային կորուստների պատճառը ծովի փոփոխություններն են, ինչը, սակայն, պայմանավորված է ոչ թե բնական պատճառներով, այլ մարդկային միջամտության գործոնով։ Սև ծովի ափամերձ հատվածում տագնապահարույց իրավիճակ է առաջացել:

Երբ թուրքերն ամբարտակներ կառուցեցին Ճորոխ գետի վրա, մեր ափամերձ հատվածը սկսեց կորցնել իր հիմնական նյութը` ավազն ու քարը: Դրանք այստեղ էին հասցվում Ճորոխ գետի միջոցով, որը Վրաստանի տարածքում թափվում է Սև ծով: Մինչդեռ այժմ գետի վրա կառուցված ամբարտակների պատճառով դրանք մնում են Թուրքիայում, իսկ ահա, ասենք, Բաթումում ծովն առավել է խրվում ափի մեջ:

Այս ամենի մեղավորը թուրքերն ու նրանց ամբարտակներն են: Օրինակ՝ Փոթիում ծովն արդեն առաջ է շարժվել 1 կիլոմետրով, ինչի հետևանքով այնտեղ ջրի տակ են հայտնվել մի շարք շինություններ»:

kayabeyi6-2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս