«Պետությունը, որը չի խոսում իր քաղաքացու հետ, ուրեմն՝ մեռել է կամ չի էլ եղել»
asparez.am-ը գրում է. Հարցազրույց ռեժիսոր Արմեն Վարդանյանի հետ
-Արմեն, շատ է խոսվում այն մասին, թե ինչի՞ վրա պետք է հիմնված լինեն իշխանությունների եւ ժողովրդի հարաբերությունները, կարծիքներ շատ են հնչում, իսկ քո կարծիքը ո՞րն է:
-Սովորաբար յուրաքանչյուր պետություն խնդիր ունի իր ժողովրդի հետ զրուցելու: Այսինքն՝ ասելու իր ժողովրդին բարոյական այն վարքականոնները, որոնք պետք է տվյալ երկրում ընդունելի լինեն: Օրինակ, երբ Ելցինից հետո Պուտինն եկավ իշխանության, նրա խնդիրն էր՝ ցիրուցան եղող երկիրը կուռ պետություն դարձնել: Այդ ժամանակներում ցանկացած հեռուստաալիքը միացնեիր, ինչ-որ ուսադիրներով մարդու մասին սերիալ էր ցուցադրվում: Գաղափարն այն էր, թե վստահել է պետք պետությանը, իշխանական կառույցներին: Դրա հիմքում կենտրոնաձիգ պետություն ունենալու նպատակն էր: Հետագայում, երբ ժամանակները փոխվեցին, առաջնահերթությունը տրվեց դեմոգրաֆիկ խնդրին: Ճիշտ է, այդ խնդիրը նախկինում էլ կար, սակայն այդ պահի առաջնահերթությունը դրան փոխանցվեց: Այդ ժամանակ էլ սերիալներում հաճախ կարելի էր տեսնել կնոջը, ով երեխա էր ունեցել ու երկընտրանքի առջեւ կանգնել՝ պահե՞լ զավակին, թե՞ չպահել: Ի վերջո, որոշում է պահել եւ ստացվում է այնպես, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենում: Հասկանալի էր եւ այս սերիալների գաղափարը: Իմաստն այն էր, թե երեխա ունենալու դեպքում, անհրաժեշտ է չերկնչել, պահել ու մեծացնել զավակին:
-Այսինքն՝ առկա է այն փաստը, որ ռուսաստանյան հեռուստատեսությունն ու կինոն հետեւողաբար կատարում են իշխանության գաղափարական, այսպես ասենք՝ ցուցումները: Իսկ այս առումով ամերիկյան մոդելն ինչպիսի՞ն է:
-Ամերիկյան այն ֆիլմերը, որոնք «Օսկարի» են առաջադրվում, անկախ դրանց գեղարվեստական որակից, ես կարող եմ ասել, թե դրանցից որոնք մրցանակ կվերցնեն: Ինչի՞ մասին է խոսքը: Ամերիկյան իշխանությունները նույնպես խնդիր ունեն իրենց քաղաքացիների հետ զրուցելու: Ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ը դա անում է ոչ այնպես հրամայական կարգով, այլ՝ նուրբ ձեւերով, բայց միեւնույն է, պետությունը մասնակցում է իր ժողովրդի հետ երկխոսությանը: Ամերիկյան ֆիլմերի առանցքը ո՞րն է: Այն է, որ փոքր մարդը ինչ-որ պահից հետո վերածվում է նշանակալի մարդու՝ սխրանք է գործում: Ասենք, կորած-մոլորած քաղաքում հարբեցող ինժեները այլմոլորակայինների հարձակման ժամանակ կարողանում է փրկել աշխարհը: Միայն իրեն է հասու փրկության միջոցը: Ինչի՞ համար է պետք այդ հորինովի սյուժեն: Որովհետեւ Ամերիկայի քաղաքացին, ով ամեն օր կոկա-կոլայի շշեր է շարում արկղերում, պետք է գիտակցի, որ նվաստի վիճակում չէ: Այսօրինակ մարդկանց ամերիկյան կինոինդուստրիան իմպուլսներ է ուղարկում, որով նրան հաղորդում է, թե ինքը ցանկացած պահի կարող է դառնալ աշխարհի փրկիչը: Այսպիսով մարդուն ազատում է իր փոքր լինելու գիտակցումից, իր թերարժեքության բարդույթից:
-Միայն այդքա՞նը:
-Երկրորդ գիծն էլ կա, դա ընտանիքն է: Նորից պատկերացնենք սովորական ամերիկացուն, կինեմատոգրաֆը նրան ասում է. «Ախպերս, դու նվազ էակ չես, սխալ է քո մասին այդպիսի պատկերացում ունենալը՝ դու ընտանիք պահող ես: Ասել է թե՝ դու լավ աշխատիր, ոչինչ ապարդյուն չէ»: Արժեքային համակարգ է դաստիարակում՝ ընտանիքը, զավակը կյանքում մարդու անփոխարինելի արժեքներն են: Երբ ամերիկյան ֆիլմերը վերը նշածս եւ այս բնույթի են, դրանք հաստատ կարող են «Օսկար» շահել: Այդպես պատահեց «Էրին Բրոկովիչ» միջին մակարդակի ֆիլմի հետ, որտեղ երեք զավակների մեծացնող, դժվարին կենցաղն ու բացասական բարքերը փոփոխելու կամքով օժտված աննկուն մորը կերպավորող կնոջ դերակատարուհուն՝ Ջուլիա Ռոբերտսին, «Օսկար» շնորհվեց: Նրա հերոսուհին ֆիլմում ի վերջո հանրային ճանաչման ու հասարակական բարձր դիրքի է հասնում՝ ապահովագրական խոշոր ընկերության դեմ մի հնչեղ դատվարություն շահելով:
-Իսկ երբ ամերիկյան իշխանությունները որեւէ երկրի դեմ պատերազմելու խնդիր են դնում, այս դեպքում կինեմատոգրաֆի գաղափարական մասնակցությունն ի՞նչ ձեւով է արտահայտվում:
-Այդպես եղավ, երբ շրջանառվում էին լուրեր, թե ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածել Իրանին: Բավական չէ, որ նկարահանվեց պարսկական պատմությունը նվաստացնող «Երեք հարյուր սպարտացիները», այլեւ լուրեր տարածվեցին, թե Մել Գիբսոնը պատրաստվում է նկարահանել «Վարդանանքը»: Ինչու՞: Որովհետեւ ԱՄՆ-ը խնդիր ուներ թշնամու կերպար ստեղծել՝ ի դեմս Իրանի: Այստեղ կապ չուներ այն պատմական իրողությունը, թե հայերն են կռվել պարսիկների դեմ, նպատակն էր ապացուցել, որ պարսիկները վատ ազգ են: Սպարտացիները՝ Հունաստանում, Վարդանանք՝ Հայաստանում, մարտնչել էին նրանց դեմ: Կապ չունի, թե որ ազգը որտե՞ղ, միեւնույն է, պարսիկների դեմ էին ելել: Հետո, երբ «փափկացավ» իրադրությունը, Գիբսոնն արդեն ուշացրել էր ֆիլմի նկարահանումը, այլեւս հարկ չկար դրա վրա կենտրոնանալ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: