Ա. Ադիբեկյան. «Ասենք թե տրանսպորտը հարմարեցրինք հաշմանդամություն ունեցող անձանց համար, բա հետո՞»
«Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ մենք պետք է պիտակավորումներից խուսափենք: «Ինվալիդ» բառը, որ օգտագործվում է միջազգայնորեն, նշանակում է՝ անարժեք, անկարող: Բայց հիմա խոսում ենք սահմանափակ կարողություններով մարդկանց մասին, քանի որ նրանք ունեն արժեք, ունեն կարողություններ, ուղղակի յուրահատուկ են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանում նման մոտեցում չլիներ, ապա շատ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանային ի ցույց դնել իրենց յուրահատուկ կարողությունները. «Կարողությունների սահմանափակումը չի նշանակում, որ նա անպիտան է, չի կարող օգտակար լինել հասարակությանը: Մեր բնակչության 6 տոկոսը, այսինքն՝ 186 հազարը, հաշմանդամություն ունի: Նրանցից 118 հազարն ընդմիշտ են, մնացածը՝ ժամանակավոր: Այստեղ ամենախնդրահարույցը երեխաներն են. ինչպե՞ս անել, որ երեխաները կարողանան կրթություն և համապատասխան մասնագիտություն ստանալ»:
Ա. Ադիբեկյանն ասաց, որ իրենք հետազոտություն են կատարել տրանսպորտի ոլորտում, ինչի արդյունքում պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց շատ չնչին տոկոսն է խնդիր ունենում հասարակական տրանսպորտից օգտվելիս. «Այդ իսկ պատճառով այն ծրագիրը, որ քաղաքապետարանը փորձեց իրականացնել, կարծես թե քնեց, քանի որ այդ հարմարեցված ավտոբուսներից գրեթե օգտվողներ չէին լինի: Հիմա եթե նայեք մայթերին ու փողոցներին, ապա կտեսնեք, որ սայլակների համար թեքահարթակներ են կառուցվում: Այսինքն՝ եթե նրանք ուսման կամ էլ աշխատանքի գնային, այդ խնդիրը կլիներ, բայց քանի որ մեծ մասը տանը նստած է, այդ իսկ պատճառով էլ օգտվողները քիչ են: Կա առաջնություն, թե որը ինչից հետո պետք է լինի: Ասենք թե հարմարեցված տրանսպորտը կա, բա հետո՞»:
Նշենք, որ 1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամբողջ աշխարհում դեկտեմբերի երեքը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Դրա նպատակն է լուծել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանվածության խնդիրները, խթանել նրանց համար աշխատանքի հավասար պայմանների ստեղծումը, մատչելիությունը, և առաջին հերթին նրանց ներառել ու ինտեգրել հասարակությանը: