Նիկոլ Փաշինյան. «ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրով բոլոր արգելքները վերացվում են, նշանակում է՝ օտարները գալու են, հայաստանցիները հեռանալու են» (տեսանյութ)
Ամենևին պատահական չէ, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ հարված են համարում մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին այսօր ԱԺ նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ ինքնիշխանությունը բալանս է, հավասարակշռություն աշխարհի տարբեր բևեռների միջև, իսկ անկախության տարիներին ՌԴ նժարը ՀՀ-ում ծանրացել է և մենք ևս մի ծանր նժար ենք դնում ու ՀՀ անկախությունը դրվում է հարվածի տակ:
«Բայց ես հակված չեմ իրավիճակը կապել միայն ՌԴ քաղաքաքականության հետ: Այս պայմանագրով ընդամենը փաստվում է իրերի առկա դրությունը: Քիչ չեն քաղաքական գործիչները, որոնք հովանավորություն են փնտրել ՌԴ-ում, կամ ԱՄՆ-ում, կամ Եվրոպայում»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա արձանագրեց, որ Իսրայել Օրիի ժամանակներից քաղաքական մտածողությունը ՀՀ-ում զարգացում չի ապրել, և Օրին էլ իր ժամանակ հայերի համար հովանավորներ էր փնտրում Արևմտյան Եվրոպայում, բայց, ի վերջո, գտավ Ռուսաստանում. «Խնդիրը այն չէ, թե Օրին ճիշտ էր, թե սխալ, այլ այն, որ անկախության հռչակումից 23 տարի անց կանգնած ենք այդ անկախությունը մսխելու ու քաղաքական ամուլ իշխանություն ունենալու փաստի առաջ, որ ՀՀ քաղաքացին ատի իր սեփական անկախությունը, պետությունը: ՀՀ քաղաքացուն տնավեր են արել, կոտրել, թալանել ու հիմա իմաստուն դեմքով այդ ամենի անունը դնում են ռեալ պոլիտիկ:
Այս պայմանգիրն ընդամենը արձանագրում է իրողությունը, որ քաղաքական էլիտան կամք չունի իշխանություն ունենալու համար»:
Պատամավորի խոսքով՝ ՀՀ սահմանների փակ լինելու մասին խոսակցությունները կամք չունենալը ծածկելու համար է: Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի հավատում է, որ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի բյուջեն ավելի շատ է, քան ՀՀ բյուջեն:
«Մի մեծ սուտ կա ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրի մասին: Իշանությունը ասում է, թե սա ինտեգրացիոն պրոցես, է, բայց սա մեկուսացման պրոցես է: Մեր անկախության օրից Թուրքիան և Ադրբեջանը վարել են մեկուսացնելու քաղաքականություն, ՀՀ-ն մեկուսացրել են հարավից ու արևմուտքից, իսկ ԵՏՄ-ն հյուսիս ու արևելքից է մեկուսացնելու: Այս պայմանագրով վերանում են բոլոր հնարավորությունները խորացնելու մեր հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ: Քաղաքացիական պայմանագիր միավորումը մեր ինքիշխանության առաջնային գործիք է համարում Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների լրջագույն խորացումը, որոնք ռազմավարական լճացման վիճակում են:
ԵՏՄ-ին միանալու դեպքում մենք Իրանի հետ չենք կարողանալու ազատ առևտրի պայմանագիր կնքել, իրանական գազի համար տարանցիկ ճանապարհ դառնալ, որը տնտեսապես կամրապնդեր ՀՀ ինքնիշխանությունը: Իրանի հանդեպ քաղաքականությունը փոխվելու է և ՀՀ-ն պետք է տարանցիկ ճանապարհ դառնար, բայց դրան դեմ են Թուրքիան ու Ադրբեջանը և դրան միանում է ԵՏՄ-ն»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ըստ նրա՝ ԵՏՄ-ին անդամակցելով ՀՀ-ն կորցնում է իր հեռանկարները՝ դառնալով ԵՏՄ մի խղճուկ տնվոր: Նա նշեց, որ ԵՏՄ-ից բիզնեսմենների գալու դեպքում հայաստանցիների հետ աղետալի բան տեղի կուեննա՝ ՀՀ-ից կհեռանան ոչ միայն վերմակ-դոշակ ունեցողները, այլև արտադրամաս ունեցողները՝ իրենց հետ տանելով ունեցվածքը, քանի որ ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրով բոլոր արգելքները վերացվում են, նշանակում է՝ օտարները գալու են, հայաստանցիները հեռանալու են:
«Ես դեմ եմ քվեարկելու ԵՏՄ պայմանագրին՝ ոչ թե, որ չեմ սիրում Ռուսաստանին, այլ հավատում եմ Հայաստանի ինքնիշխան ապագային»,- հայտարարեց Ն.Փաշինյանը՝ օրինակ բերելով, որ Սերժ Սարգսյանի կողմից ԵՏՄ պայմանագիրը ստորագրելուց հետո 1 ամիս անց Իրանի նախագահ Ռոհանին առաջին այցը կատարեց Ադրբեջան, ոչ թե ՀՀ՝ ինչպես նախառեսված էր, Սերգեյ Նառիշկինը հայտարարեց, որ ՌԴ-ն Ադրբեջանով դեպի Իրան երկաթգիծ է կառուցելու, ինչը ՀՀ-ի մեկուսացում է, իսկ Պուտինը Թուրքիայում հայտարարել է, որ ներդրումներ է անելու Թուրքիայում ատոմակայան կառուցելու համար, բայց ՀՀ-ում ատոմակայանը չի կառուցվել ու չի կառուցվի:
Ավարտելով խոսքը՝ Ն.Փաշինյանը շնորհավորեց ՀՀԿ խմբակցությանը՝ շաքարի ներկրման մաքսադրույքները չփոփոխվելու կապակցությամբ: