Դատարանում, որպես իրեղեն ապացույց, ներկայացվել է Սմբատ Ցականյանի սպանության պատճառ հանդիսացող ինքնաձիգը
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:
Դատական հերթական նիստում, որպես իրեղեն ապացույց ներկայացվել են այն իրերը, որոնք ձերբակալության ժամանակ, հայտնաբերվել են դիվերսանտների մոտ։ Մասնավորապես ներկայացվել են զենք – զինամթերք՝ ինքնաձիգներ, նռնակներ, կրակված պարկուճներ, սպանված Սմբատ Ցականյանի սպորտային հագուստը, 87 հազար դրամ գումարն ու հեռախոսաքարտերը, որոնք նրա գրպանից վերցրել էին դիվերսանտները։
Ներկայացվել են նաև հանցագործ խմբավորման՝ տուժող Վրեժ Բալայանին պատկանող գողացված զինվորական գրքույկը, անձնագիրն ու բաճկոնը, որոնք ձերբակալման պահին հայտնաբերվել են ամբաստանյալ Ասկերովի մոտ։
Դատական նիստում հրապարակվել է փորձագետի եզրակացության արձանագրությունը, որի համաձայն՝ Սմբատ Ցականյանի սպանության պատճառ հանդիսացող և որպես իրեղեն ապացույց հանդիսացող ներկայացված բոլոր պարկուճներն արձակվել են նույն ինքնաձիգից, որը կրել է ամբաստանյալ Դիլհամ Ասկերովը։ Դատախազ Կարեն Գաբրիելյանի հայտարարության համաձայն՝ նշված հանգամանքը հաստատվել է նաև դատաձգաբանական փորձաքննությամբ։
Ամբաստանյալներ Շ. Գուլիևն ու Դ. Ասկերովը հաստատեցին, որ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել, ինչպես նաև տարբերակեցին, թե ով որ ինքնաձիգն է կրել:
Գուլիևը վերահաստատեց նաև նախորդ դատական նիստերի ընթացքում տված իր այն ցուցմունքը, ըստ որի, կրակոցներ լսելով, շրջվել ու տեսել է, որ Ասկերովի ինքնաձիգի փողն ուղղված է եղել սպանված պատանու ուղղությամբ։ Ամբաստանյալը տեսականորեն ներկայացրել է սպանության դեպքի հետ կապված մանրամասները, մասնավորապես, տվյալ պահին խմբի անդամների դիրքերը: Սակայն այս առումով դատավորի և դատախազի հարցերին մյուս ամբաստանյալի՝ Ասկերովի պատասխանները հստակ չեն եղել: