Էրդողանի նոր նստավայրի անվտանգությունն ապահովելու է կոմանդոս էլիտար ստորաբաժանումը
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նոր նստավայր Աք սարայի (թարգմանաբար՝ Սպիտակ պալատ) անվտանգությունն ապահովելու է պրոֆեսիոնալ պատրաստություն անցած կոմանդոս ստորաբաժանումը: «Չանքայա» նախագահական նախկին նստավայրի անվտանգությունը 1920-ական թվականներից ապահովում էր նախագահական գվարդիայի գունդը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստեղծած նախագահական գվարդիան այժմ մասնակցելու է միայն պաշտոնական միջոցառումներին և հատուկ դեպքերին, որոնք պահանջում են բարձր մակարդակի անվտանգություն:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հանձնարարությամբ՝ «Չանքայա» նստավայրի անվտանգությունը, որը 83 տարվա ընթացքում հանդիսացել է բանակի պարտականությունը, սկսել է ապահովել ազգային ոստիկանության դեպարտամենտը, որը ենթարկվում է ՆԳՆ-ին:
Աք սարայի տարածքը կազմում է 300.000 քառակուսի մետր, դրա կառուցումն արժեցել է 1.37 միլիարդ թուրքական լիրա (615 միլիոն դոլար): Նոյեմբերին թուրքական Metropol ռազմավարական ու սոցիալական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման տվյալները վկայեցին, որ հարցման մասնակիցների 60.9 տոկոսը նախագահական նոր նստավայրի կառուցումը որակում է որպես «ժողովրդի փողերը քամուն մատնել», և միայն 32 տոկոսն է համաձայն, որ նստավայրը հանդիսանում է «Թուրքիայի ուժի ու մեծության խորհրդանիշ»: