Բաժիններ՝

Տեղի է ունեցել ՏՀԶԿ (OECD) մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանը

Նոյեմբերի 27-ին, Փարիզում, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական շաբաթ 2014-ի շրջանակներում, տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանը, որի ժամանակ ամփոփվել են ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման (peer review) վերաբերյալ զեկույցները հետևյալ ոլորտներում` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել փորձագիտական գնահատման Հայաստանի փորձը: Այնուհետև Չեխիայի, Գերմանիայի և Իտալիայի փորձագետները ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման (peer review) վերաբերյալ զեկույցները, որին հաջորդել է կարծիքների փոխանակում Եվրասիա տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների (Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Իտալիայի և ԵՄ այլ երկրների) միջև:

Կողմերը ողջունել և բարձր են գնահատել Հայաստանում կատարված աշխատանքը:

Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը` ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսական, մասնավորապես գյուղմթերքի վերամշակման ոլորտում ունեցած հաջողությունները և առաջիկայում նախատեսվելիք աշխատանքները ոլորտի զարգացման համար:

ՏՀԶԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարիա-Ֆրանչեսկա Սպատոլիսանոն նշել է, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել և զգալի հաջողությունների է հասել և հավելել, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետ համագործակցությունը և չի դիտարկում Հայաստանի` ԵՏՄ անդամակցելը որպես խոչընդոտ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար` պատրաստակամություն հայտնելով խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչը հետագայում կարող է օրինակ հանդիսանալ ԵՄ-ԵՏՄ հարաբերությունների համար:

Տաջիկստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Շարիֆ Ռահիմզոդան նշել է, որ Հայաստանը մշտապես օրինակ է ծառայում տարածաշրջանում և ԱՊՀ երկրների շրջանակում` ներկայացնելով լավագույն փորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս