
Նոյեմբերին Իրաքում ահաբեկչությունների ու բռնության ակտերի հետևանքով զոհվել է 1232 մարդ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների, ռազմական գործողությունների ու բռնության մյուս ակտերի հետևանքով զոհվել է 1232 մարդ: Այս մասին հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը:
Նրա տվյալներով՝ նոյեմբերին Իրաքում վիրավորվել է 2434 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ համեմատած վերջին ամիսների հետ: Զոհվածներից 936-ը քաղաքացիական անձինք են: Դա եռակի գերազանցում է զոհված իրավապահների թվին:
Բացի այդ, դա 80 մարդով ավելին է՝ համեմատած հոկտեմբերի հետ, սակայն զգալիորեն զիջում է հունիսի ցուցանիշին՝ 1531 սպանված, ինչն իր հերթին առայժմ ռեկորդային ցուցանիշ է այս տարվա համար: Քաղաքացիական անձանց մեծ մասը՝ 402 մարդ, զոհվել է Անբար նահանգում:
Բաղդադում սպանվել է 332 խաղաղ բնակիչ, սակայն այստեղ վիրավորվել է 921 խաղաղ բնակիչ, մինչդեռ Անբար նահանգում վիրավորված քաղաքացիական անձանց թիվը կազմել է 624 մարդ:
Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովն ընդգծել է, որ տարեսկզբից սկսած՝ երկրում զոհվել է գրեթե 12.000 մարդ և վիրավորվել է մոտ 22.000 մարդ: