
Օբաման ու Տուսկը չեն բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նոր նախագահ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ու Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը:
Տուսկի խոսքերով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը համաձայնվել են, թե որքան կարևոր է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս բերի Արևելյան Ուկրաինայից, դադարեցնի զորքեր ուղարկելը և դրանց տեխնիկական մատակարարումը, ԵԱՀԿ-ին հնարավորություն տա՝ կատարելու իր առաքելությունը:
Սպիտակ տունը հայտնել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ու Տուսկը համակարծիք են գտնվել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ չեն հայտարարվի նախքան Ուկրաինայում հրադադարի մասին մինսկյան համաձայնագրերի իրագործումը: Նրանք չեն բացառել նոր պատժամիջոցներ սահմանելը:
Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը պաշտոնապես Եվրոպական խորհրդի նախագահ է դարձել երեկ: