Ինչպես կանխել մազաթափությունը
Այժմ մազաթափությունը տարածված խնդիր է տղամարդկանց և կանանց մոտ: Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք մազաթափության պատճառ են դառնում՝ ժառանգականություն, հանքանյութերի բացակայություն, վարսահարդարիչի օգտագործում: Ուսումնասիրությունների համաձայն՝ տղամարդկանց 70 տոկոսը տառապում է մազաթափությունից, կանանց շրջանում այդ թիվը հասնում է 25 տոկոսի: Իհարկե, մազաթափությունը կախված է առողջական կոնկրետ խնդրից, բայց բոլոր դեպքերում այդ խնդիրը կարող է լուծվել:
Մազաթափության դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժառանգականության վրա, քանի որ դա առավել բարդ դեպք է: Անհրաժեշտ է մազաթափությունը հսկել, որպեսզի պահպանվի մազերի երիտասարդությունն ու առողջությունը: Ավելի ճիշտ է խորհրդակցել բժշկի հետ, ով կօգնի կարգավորել գլխի մաշկի և մազերի հետ կապված խնդիրները:
Առողջ կենսակերպ վարելն ու ճիշտ սննդակարգի հետևելն առաջին անհրաժեշտ նախապայմաններն են՝ մազերի առողջությունը պահպանելու համար: Խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ բանջարեղեն և մրգեր ուտել՝ խուսափելով յուղոտ մթերքների և ֆասթֆուդի օգտագործումից: Մազաթափությունը կանխելու համար մեծ նշանակություն ունի նաև անհրաժեշտ քանակով վիտամինների օգտագործումը. A վիտամինն, օրինակ, նպաստում է մազերի աճին, B5 վիտամինը կանխում է մազերի թուլանալը, B3-ը պատասխանատու է արյան շրջանառության ստիմուլյացիայի համար, E վիտամինն էլ կանխում է մազաթափությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթները բացասական ազդեցություն են թողնում ոչ միայն մաշկի, այլև մազերի վրա: Արևի տակ երկար մնալու արդյունքում մազերը թուլանում են, զրկվում փայլից, սկսում թափվել: Այժմ մազերի խնամքի համար առաջարկվում են մի շարք քիմիական միջոցներ: Դրանց մի մասն օգտակար է մազերի համար, խոնավեցնում է դրանք, դարձնում առավել փայլուն, մյուս մասը՝ հակառակը, դրանց զգալի վնաս է պատճառում: Առավելությունը պետք է տալ բնական միջոցներին:
Գլխարկների հաճախ օգտագործումը ևս կարող է վնաս հասցնել մազերին, քանի որ դրանց առկայության դեպքում դժվարանում է թթվածնի հասնելը մազերին: Խորհուրդ է տրվում հրաժարվել նաև մազակալներից, որոնք ևս թուլացնում են մազերը: Մազերի հարդարման համար էլեկտրական միջոցների մշտական օգտագործումը ևս մազաթափության պատճառ է դառնում: