Կոմունիստները ընտրակեղծիքներն արդարացնում են ստեղծված իրավիճակով

Այսօր կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունենալու Հայկոմկուսի հերթական` 39-րդ համագումարը: Այս համագումարը պետք է տեղի ունենար դեռևս գարնանը, սակայն տարբեր պատճառներով այն հետաձգվում էր:

Փետրվարի 23-ին կուսակցության պլենումում ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարական տվեց և նրա փոխարեն առաջին քարտուղար ընտրվեց Տաճատ Սարգսյանը, ով այդ ժամանակ կուսակցության երկրորդ քարտուղարն էր: Կուսակցության տարբեր անդամներ չընդունեցին Սարգսյանի ընտրության օրինականությունը՝ հայտարարելով, որ քվեարկությունը ոչ լեգիտիմ է եղել: Բացի այդ՝ կուսակցության որոշ անդամներ պլենումից հետո հանդես եկան հայտարարություններով, որոնցով Սարգսյանին մեղադրեցին Հայաստանի անկախության առաջին տարիներին կուսակցական տոմսը հրապարակայնորեն պատռելու և կուսակցությունից հրաժարվելու մեջ՝ պնդելով, թե դա բարոյական իրավունք չի տալիս նրան գլխավորել կուսակցությունը:

Այսօր տեղի ունենալիք համագումարը կոչված է լեգիտիմացնելու Տաճատ Սարգսյանի` Հայկոմկուսի առաջնորդի պաշտոնում մնալու ցանկությունը, չնայած այս համագումարից առաջ էլ տեղի են ունեցել որոշ իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ փետրվարի 23-ից հետո անցած ժամանակահատվածը Սարգսյանի համար բավարար չի եղել կուսակցության ներսում առկա ըմբոստությունը լռեցնելու համար:

Ջուլիետա Ստեփանյանը, ով ԽՍՀՄ տարիներին զբաղեցրել է Օրջոնիկիձեի շրջկոմի (ներկայիս Էրեբունի վարչական շրջան) քարտուղարի պաշտոնը և այժմ էլ ՀԿԿ Օրջոնիկիձեի տարածքային կառույցի ակտիվ անդամներից է՝ պատմում է, որ օրերս գումարվել է իրենց տարածքային կազմակերպության կոնֆերանսը, որի ժամանակ ընտրվել են համագումարի 19 պատգամավորները, որոնց թվում նաև ինքն է: Մեզ հետ զրույցի ժամանակ նա ասաց.

Կարդացեք նաև

«Մեր շրջկոմի կոնֆերանսին պատիվ էին համարել մասնակցել Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, երկրորդ քարտուղար Երջանիկ Ղազարյանը, բոլորին քաջ հայտնի Եկատերինա Արսենովնան, և էլի շատերը: Նրանք հասկանում էին, որ մեր մոտ ընտրությունները թեժ են լինելու, քանի որ ես չէի կարող հանդուրժել այն անօրինականությունները, որոնք պատրաստվում է իրականացնել կուսակցության ղեկավարությունը: Օրջոնիկիձեի շրջկոմում հաշվառված կոմունիստների թիվն անցնում է 550-ից, սակայն Վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Փոթիկյանը զեկուցեց, որ նոր հաշվառում է անցկացվել, և անդամների թիվը 105 է: Սակայն կոնֆերանսին մասնակցում էին ընդամենը 33 կուսակցականներ, այսինքն՝ չկար քվորում, և կոնֆերանսը չէր կարող օրինական համարվել»:

Տիկին Ստեփանյանն ասում է, որ ինքը բարձրացրել է կոնֆերանսի օրինականության հարցը և հայտարարել, որ այդ թվով անդամներով չի կարելի պատգամավորներ ընտրել: «Եկատերինա Արսենովնան փորձեց ինչ-որ բացատրություններ տալ՝ ասելով, որ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մարդկանց մեծամասնությունը բացակայում է երկրից, և այդ պատճառով պետք է աչք փակել կուսակցության կանոնադրության նման կոպիտ խախտման վրա, սակայն ես պնդեցի, որ ցանկացած խախտում անընդունելի է՝ անկախ դրա հիմնավորումներից»:

Սակայն կուսակցության ղեկավարները շարունակել են կոնֆերանսը, և երբ Ստեփանյանը տեսել է, որ միևնույն է՝ ապօրինի կոնֆերանսը շարունակվելու է, փորձել է խոսակցությունն այլ դաշտ տեղափոխել և կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարից պահանջել է ցույց տալ իր կուսակցական տոմսը, որպեսզի համոզվի՝ կա՞ այդպիսի տոմս, թե՞ ոչ: «Սարգսյանը պատասխանեց, որ ինքն ամեն մեկին ցույց չի տալիս իր կուստոմսը, ինչին ես պատասխանեցի՝ եթե ես ձեզ համար ամեն մեկ եմ, հալալ է ձեզ»:

Ստեփանյանը մեկն է այն կոմունիստներից, ովքեր գիտեն, որ Սարգսյանը պատռել է իր կուսակցական տոմսը, և համարում է, որ բարոյապես ճիշտ չէ, որ կուսակցությունից հրաժարված մարդը ղեկավարի կուսակցությունը: Ըստ Ստեփանյանի՝ Հայկոմկուսի առաջին քարտուղարը կուսակցություն ղեկավարելու միայն մի հիմնավորում ունի. ինքն իր անձնական միջոցներն է ծախսում կուսակցության վրա: Կոնֆերանսի ժամանակ էլ Սարգսյանը նույնն է կրկնել՝ ասելով. «Դուք բոլորդ էլ գիտեք, որ ես իմ ընտանեկան բյուջեն եմ ծախսում կուսակցության վրա: Եվ դիմելով ինձ՝ նա հարցրեց. «Ճի՞շտ է, ընկեր Ստեփանյան»: Ես էլ ասացի՝ բայց մենք ինչքա՞ն պետք է սպասենք, որ ձեր ընտանեկան բյուջեն սպառվի: Ինձ իր ընտանեկան բյուջեն չի հետաքրքրում, ես նկատի ունեի, թե` երբ ենք մենք ազատվելու քեզանից»:

Ստեփանյանն ասում է, որ ինքը չնայած ընտրվել է պատգամավոր, իրեն են ուղարկել համագումարի պատգամավորի մանդատ, որի վրա պատկերված է պրոլետարիատի առաջնորդ Ուլյանով Լենինի նկարը, և հետն էլ՝ հրավիրատոմս, սակայն ինքը որոշել է չմասնակցել այդ համագումարին: «Եթե համագումարն անօրինական է, եթե պատգամավորները, այդ թվում` և ես, ընտրվել ենք անօրինական, ես ինչի՞ պետք է մասնակցեմ ապօրինի համագումարին»,- ասում է կոմունիստ Ջուլիետա Ստեփանյանը:
Նա իր կուսակցության ղեկավարին մեղադրում է նաև կուսակցության պատմությունը և կուսակցական ավանդույթները չհարգելու մեջ:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի Կոմկուսը չի նշում մեր կուսակցության հիմնական տոնը` նոյեմբերի 29-ը, որը տարիներ շարունակ նշվել է` որպես Հայաստանի խորհրդայնացման տոն: Նա պատահական չի համագումարը նշանակել նոյեմբերի 29-ին, որովհետև կոմունիստները նրան պետք է հարց տան, թե ինչո՞ւ մենք դրոշներով ու պաստառներով հրապարակում չենք, ինչո՞ւ դուրս չենք գալիս երթի: Համագումարն այդ օրը նշանակելով՝ նա ուզում է իր համար ալիբի ապահովել, որ կարողանա ասել, որ համագումար է եղել, դրանով ենք զբաղված եղել:

Տեսանյութեր

Լրահոս